«Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2022»-ը՝  փորձի փոխանակման լավագույն հարթակ. Երևանում մեկնարկեց մասնագիտական միջոցառումների շարքը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառումների շարքը, որը 2022-ին կրում է «Համադրելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագիրը, անցկացվելու է դեկտեմբերի 23-25-ը Երևանում և Վանաձորում: Հայաստանում ճարտարագիտության ոլորտի ամենաընդգրկուն և գլխավոր միջոցառումների շարքը ներկայացնելու է ճարտարագետների վերջին ձեռքբերումները, խթանելու է ոլորտի միջազգային և տեղական ներկայացուցիչների միջև փորձի և գաղափարների փոխանակմանը, միջոլորտային կապերի ձևավորմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ այս միջոցառման անցկացումն ավանդույթ է դարձել:

«Սա յուրահատուկ հարթակ է ոլորտի ներկայացուցիչների, ոլորտով հետաքրքրվողների համար: Այն մասնագետներին հնարավորություն է տալիս քննարկել ճարտարագիտության բնագավառում գրանցած հաջողությունները, բարձրաձայնել առկա խնդիրները և առաջարկել լուծումներ: Սա լավ հնարավորություն է՝ բացահայտել միջազգային միտումներն ու դրանք Հայաստանում տեղայնացնելու փորձեր կատարել»,-շեշտեց նա:

Նախարարը կարծում է՝ միջոցառումն այս տարի հետաքրքիր խորագիր ունի՝ «Համադրելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը». Այսինքն՝ միավորվում է մի քանի ոլորտ՝ ստեղծելով միջոլորտային փոխգործակցության հետաքրքիր հնարավորություններ:

«Կարևոր է նաև միջոցառման շրջանակներում կազմակերպվող ճարտարագիտական ցուցահանդեսը, որտեղ ոչ միայն կներկայացվեն ոլորտի նվաճումները, այլև մասնագիտական առանձնահատկությունները, որոնք կարող են խթանել պատանիների ու երիտասարդների՝ ոլորտի զարգացման աշխատանքներում ներգրավմանը»,-նշեց Խաչատրյանն ու հիշեցրեց, որ ԲՏԱ-ն մի քանի տարի շարունակ կազմակերպում է կրթական ծրագրեր ոլորտում նախանշված ուղղություններով, որոնցից մեկն ինժեներությունն է:

Նախարարի համոզմամբ՝ որակյալ ու մրցունակ կրթությունը ցանկացած ոլորտի հաջողության հիմքն է, և այն կարող է լուծել արդյունաբերության խնդիրները, իսկ արդյունաբերությունն էլ կարող է դառնալ կրթության շարժիչ ուժը:

Ռոբերտ Խաչատրյանը կարևորեց «Ինժեներական քաղաք» ծրագիրը, որը երկար տարիներ մեծաթիվ մարդկանց աշխատանքի և երազանքների արդյունք է: Այս տարի այնտեղ սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնք արդեն ավարտական փուլում են:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ հիշեց՝ 20 տարի առաջ որոշվեց Հայաստանում զարգացնել բարձր տեխնոլոգիաները, սակայն վախ կար ու սկսեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից:

«Այս շաբաթվա շրջանակում ցանկանում ենք հասկանալ՝ հաջողելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում՝ արդյոք կարո՞ղ ենք ինժեներության ոլորտում հաջողության հասնել»,-ասաց նա:

Դեկտեմբերի 24-ին ծրագիրը կշարունակվի Ինժեներական քաղաքում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։

Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:

«Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2022»-ը կազմակերպվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Նեյշընըլ ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), «Սայհաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ։

Հայերեն

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք․ ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres