Մշակույթ

Լեռնային Ղարաբաղում գրողները ծանր սոցիալ-տնտեսական վիճակում են. Հայաստանի գրողների միությունը դիմում է աշխարհին

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում գրողները ծանր սոցիալ-տնտեսական վիճակում են. Հայաստանի գրողների միությունը դիմում է աշխարհին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության վարչությունն ու նախագահությունը դիմում են աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, գործիչներին՝ շեշտելով, որ ադրբեջանցի չակերտավոր բնապահպանների՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բնապահպանական հորինովի խնդիրներով փակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ծանր սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակում են նաև գրողների միության անդամները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածած հաղորդագրության մեջ միությունը ակնկալում է միջազգային կազմակերպությունների ձայնի ուժգին ալիքը, այլապես այսպիսի «բնապահպաններ» մի օր հայտնվելու են իրենց երկրների ճանապարհներին:

«Զարմանալի է՝ ո՞ւր էին այդ բնապահպանները, երբ ֆոսֆորի ռումբեր էին նետում Լեռնային Ղարաբաղի անտառների, բեկորային ռումբեր էին նետում քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա: Երևի այդ ժամանակ սելֆի էին անում Ռամիլ Սաֆարովի հետ: Բարեբախտաբար, աշխարհի բարեսիրտ մարդիկ, օրինասեր միջազգային կազմակերպությունները և երկրները իրենց ձայնն էին բարձրացնում այս մարդկային, ցեղասպան, դարերով մշակված գործողությունների դեմ: Լեռնային Ղարաբաղում գրողների միության անդամները ծանր սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակում են: Նրանցից ոմանք ծեր են, հիվանդ և բուժօգնության ու աջակցության կարիք ունեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնել է դեկտեմբերի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում