Հասարակական

Պատրաստվում ենք բարեփոխել դատական համակարգի աշխատանքային ծրագրերը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ. Գրիգոր Մինասյան

3 րոպեի ընթերցում

Պատրաստվում ենք բարեփոխել դատական համակարգի աշխատանքային ծրագրերը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ. Գրիգոր Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը մասնակցել և ելույթի խոսքով է հանդես եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցություն» ծրագրի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը հնգամյա ծրագիր է, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը:

Գրիգոր Մինասյանն իր ելույթում կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, որի արդյունքն է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամը կարևոր մարմին է Արդարադատության նախարարության գործունեության շրջանակներում, որը ոչ միայն մասնակցում է իրավական ակտերի մշակմանը և օրենսդրական դաշտի բարելավմանը, այլև հանրային քննարկումների կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարևոր ծրագրերի կատարմանը։

Մինասյանը նշել է, որ արդարադատության ոլորտային ռազմավարական կարևորագույն փաստաթղթերից մեկը` Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը, մշակվել է հենց Հիմնադրամի կողմից: Բացի այդ, Հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ է իրականացվում նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումների կարևոր տարր հանդիսացող Էլեկտրոնային արդարադատությանը:

Մասնավորապես, ոլորտային թվայնացման աշխատանքները կարևորվում են որպես դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման գործիք, և այս ուղղությամբ միահամուռ աշխատանքները կնպաստեն Էլեկտրոնային դատարանի ստեղծմանն ու պատշաճ ներդրմանը:

Մինասյանը հայտնել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ նախարարությունը պատրաստվում է անդրադարձ կատարել դատական համակարգի հիմնական աշխատանքային ծրագրերին, ներառյալ Cast, վիճակագրության գործիքներ, գործերի մակագրման, ձայնագրության և այլ առանցքային համակարգեր:

Մինասյանը կարևորել է նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը կարևոր միջոցառում է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակները զարգացնելու և որպես դրա արդյունք նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում