Հայաստանի վետերանների միությունը կկրի մարշալ Բաղրամյանի անունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վետերանների միությունը այսուհետ կկրի Խորհրդային նշանավոր հրամանատար, Հայրենական մեծ պատերազմի բանակների և ճակատների հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վետերանների միությունում անցկացվեց Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին լեգենդար հրամանատարի հարազատները, պաշտպանության նախարարության, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, վետերանների շարժման առաջնորդներ և այլք: Միջոցառմանը մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը:

Միջոցառման ընթացքում բացվեց հուշատախտակ, որի համաձայն Վետերանների միությունն այսուհետ կրելու է Հովհաննես Բաղրամյանի անունը:

«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի ղեկավար Վահրամ Կարապետյանը նշեց, որ նման միջոցառումները մարդկանց մեջ հայրենասիրությունն ավելացնելու լավ օրինակ են: Նրա համոզմամբ՝ մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը երիտասարդների հայրենասիրական դաստիարակության խորհրդանիշ է:

«Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը յուրաքանչյուր պետության անվտանգության խորհրդանիշն է: Անգնահատելի է երկրի անվտանգության մեջ նրա ներդրումը: Ուրախ ենք այս միջոցառման մի մասը լինելու համար: Մենք ապագայում էլ հանձն ենք առնում լինել հերոսների կողքին, ինչը նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների լավացմանը»,- նշեց նա:

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը շեշտեց՝ հպարտ են, որ այսօրվանից Հայաստանի վետերանների միությունը կրելու է մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը:

«Մենք չենք մոռացել և ոչ մի անգամ չենք մոռանա, այն գործերը, որոնք իրագործել է մեր հայրենակից մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը: Ուրախ ենք, որ այսուհետ Հայաստանի վետերանների միությունը կրելու է նրա անունը»,- եզրափակեց նա:

Մարշալ Բաղրամյանը յուրահատուկ ու հարուստ կենսագրության է ունեցել՝ լի վերելքներով ու վայրէջքներով, անհավանական հաջողություններով և ճակատագրի ողբերգական շրջադարձերով։ Նրան վիճակված էր մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսների ամենաարյունալի մարտերին, որտեղ կարողացել է հզոր դիմադրություն կազմակերպել՝ ճնշելով հակառակորդին։

Նացիստների դեմ Բաղրամյանի իրականացրած բազմաթիվ ռազմական գործողություններ մինչ օրս մանրակրկիտ ուսումնասիրվում են աշխարհի բոլոր ռազմական ակադեմիաներում: «Բագրատիոն» գործողությունը հավերժ կմնա օրինակ և կրկնօրինակման առարկա: Մերձբալթյան երկրների ազատագրումը, չորս օրում Քյոնիգսբերգի անառիկ ամրոցի գրավումը մարշալ Բաղրամյանի ծրագրած և հաջողությամբ իրականացված ամենայուրահատուկ գործողություններն են։

Սակայն նրա ռազմական արվեստի գագաթն է համարվում «Անադիր» գործողությունը:

Անցնելով չորս պատերազմ՝ Առաջին աշխարհամարտից մինչև Քաղաքացիական պատերազմ, խորհրդա-ֆիննական պատերազմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, մարշալ Բաղրամյանն իր անունը ոսկե տառերով գրեց Խորհրդային Միության ժողովուրդների պատմության մեջ։

Հայերեն العربية English Français Русский

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

Մեր նպատակը Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. Էկոնոմիկայի նախարար