«Քեզ լավ ես զգում, երբ գնահատվում ես նաեւ դրսում…». Բանաստեղծն ամփոփում է հոբելյանական տարին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի համար Սերբիան վաղուց է դարձել հարազատ երկիր, ինչպես ընդունված է ասել՝ երկրորդ հայրենիք: Անուրանալի է նրա վաստակը երկու ժողովուրդների գրական-մշակութային փոխհարաբերությունների մերձեցման ու ամրապնդման գործում: Եվ բնավ պատահական չեն բազմաթիվ այն պարգեւներն ու մրցանակները, որոնցով արժեւորել, մեծարել են հայ բանաստեղծին բարեկամ այս երկրի գրողական կառույցներն ու կառավարությունը: Բանաստեղծն օրերս է վերադարձել բալկանյան այս երկրից;

-Պարոն Սիմոնյան, տեղյակ ենք, որ հաճախակի եք լինում Սերբիայում: Ո՞րն էր հերթական այցի առիթը:

-Այս անգամ շատ ավելի հետաքրքիր էր. սերբական Սմեդերեւո քաղաքում ավանդաբար անցկացվում է «Սմեդերեւյան բանաստեղծական աշուն» միջազգային փառատոնը, որին հրավիրված էի նաեւ ես: Ասեմ, որ փառատոնի շրջանակներում ամեն տարի հրատարակվում է հինգ հեղինակի գիրք, որոնցից չորսն այս անգամ սերբ գրողների էին, հինգերորդը՝ «Աղոթք» վերնագրով, իմ բանաստեղծական երկլեզու ժողովածուն էր, որը բարձր գնահատականի էին արժանացրել գրականագետներն ու փառատոնի կազմակերպիչները: Փառատոնից հետո նաեւ մասնակցեցի Բելգրադում անցկացվող գրքի ամենամյա միջազգային տոնավաճառին, հանդիպումներ ունեցա հրատարակիչների, գրողների ու թարգմանիչների հետ, ունեցանք պայմանավորվածություններ: Ապա սերբական ազգային հեռուստատեսությամբ եղան երկու ծավալուն հարցազրույցներ: Գիտեք, քեզ լավ ես զգում, երբ գնահատվում ես նաեւ դրսում՝ եվրոպական միջավայրում, օտարների կողմից:

-Արդյոք սերբ ժողովուրդը, որը նույնպես անցել է դժվարությունների, արհավիրքների միջով, տեղյա՞կ է հայաստանյան իրադարձություններին, մեր երկրի հետ տեղի ունեցած դեպքերին:

-Իհարկե, տեղյակ է: Եվ այս տեսանկյունից նույնպես անչափ կարեւոր է գրողի, մտավորականի դերակատարումը՝ իր ստեղծագործություններով, հանդիպումների, շփումների ժամանակ տեղեկացնել քո հայրենիքում ու նրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին: Ինքս սերբական մամուլում հրապարակումներով հանդես գալուց, տվածս հարցազրույցներում երբեւէ չեմ շրջանցում մեր երկրին ու ժողովրդին վերաբերող կարեւոր թեմաները: Վստահաբար ասեմ, որ սերբ ժողովրդի առավելագույն մասը ծանոթ է մեր անցյալի ողբերգությանը եւ ներկա ցավերին, խնդիրներին: Նրանք պատմական նույն ճակատագիրն են ունեցել, ինչ մենք՝ հայերս. նրանցից խլել են Կոսովոն, մեզնից փորձում են խլել Արցախը, ինչը երբեք չի լինելու: Ես ուրախ եմ, որ բախտորոշ այս ժամանակներում Սերբիան մեր կողքին է, իսկ մենք՝ իրենց:

-Տեղյակ ենք թարգմանական Ձեր ծավալուն աշխատանքներին՝ սերբերենից հայերեն եւ հակառակը: Հետաքրքիր է, առաջիկայում սպասվո՞ւմ է նման գրքի հրատարակում սերբ ընթերցողի համար:

-Նախ ասեմ, որ արդեն շուրջ քառասուն տարի է, ինչ սերբական գրականության լավագույն գործերից թարգմանում եւ ներկայացնում եմ հայ ընթերցողին, իսկ հայ քնարերգությունից՝ նրանց: Այժմ նույնպես ծրագրում եմ այդպիսի քայլեր. մտածում եմ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում սերբերեն ներկայացնել բանաստեղծական ծավալուն մի ժողովածու՝ ընդգրկելով 20-րդ դարի հայ լավագույն պոեզիայի նմուշները: Չափազանց պատասխանատու եւ նվիրում պահանջող գործ է, որը ջանալու եմ մատուցել ըստ պատշաճի:

-Նկատի ունեք ներկայացնել միայն դասականների՞ն:

-Ինչու միայն դասականներին, չէ՞ որ նրանք հրաշալի հետնորդներ են ունեցել, եւ այսօր էլ ունենք շատ այդպիսիք, ովքեր մեծ վաստակ ունեն եւ արժանի են իրեց տեղն ունենալու սպասվելիք ժողովածուում:

-Օրերս կրկին հանդիպեցիք Ձեր պոեզիայի երկրպագուներին, այս անգամ՝ Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում…

-Այո, դա հերթական միջոցառումն էր, որ կայացավ իմ հոբելյանի շրջանակներում: Մինչ այդ հանդիպում էր կազմակերպվել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում՝ ՀՀ-ում Սերբիայի դեսպանի մասնակցությամբ: Նաեւ մանկավարժական համալսարանում՝ անվանի գրականագետ Աելիտա Դոլուխանյանի նախաձեռնությամբ: Հոբելյանս նշվել է նաեւ Սերբիայում: Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցած հանդիպումով, որին ներկա էր մեր երկրում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, կարծես ամփոփում եմ հոբելյանական տարիս: Հանդիպում, որին ներկայացա նոր ստեղծագործություններով, իմ տեքստերով գրված երգերով, եւ ընթերցվեցին սերբ անվանի մտավորականների գնահատանքի խոսքերն իմ մասին: Ուրախ եմ, որ միշտ նոր խոսք, թարմ ասելիք ունեմ ընթերցողներիս: Ուրախ եմ, որ այս տարին բավականին արգասաբեր եղավ ինձ համար, հուսամ, որ այդպես կլինի նաեւ 2023-ը՝ առաջին անգամ ռուսերենով լույս կտեսնի բանաստեղծություններիս ժողովածուն: Այն նվիրել եմ մորս հիշատակին…

-Թող գալիք տարին բարեբեր լինի եւ՛ Ձեզ, եւ՛ մեր երկրի ու սպասումներով ապրող մեր ժողովրդի համար:

Զրույցը՝ Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում