Սփյուռք

ՀՀ նախագահը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Վեհափառ Տեր,

Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ եւ ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական եւ միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։

Առանձնահատուկ արժեւորում եմ Ձեր հետեւողական ջանքերը՝ ուղղված հոգեւոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի եւ մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաեւ Հայ եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր եւ կարեւոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսեւորումները խթանելու, հարստացնելու եւ պաշտպանելու գործում։

Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն եւ արեւշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին»,- ասվում է ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում