ԳՅՈՒՄՐԻ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին օգոստոսի 12-ին բոլորին հրավիրում է միասին նշելու Երիտասարդության միջազգային օրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը Գյումրիում իրականացնելու է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված տոնին։
Ծրագրի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ միջոցառումները նախատեսվել են՝ հաշվի առնելով երիտասարդների ցանկությունն ու նախասիրությունները: Տոնին նվիրված միջոցառումները կմեկնարկեն օգոստոսի 11-ին՝ հանրային տեղեկատվական արշավով, որի ընթացքում կամավորները կշրջեն Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերում, բնակիչներին կտեղեկացնեն Երիտասարդության միջազգային օրվա մասին, կշնորհավորեն անցորդներին, կտեղեկացնեն սպասվելիք միջոցառումների մասին: Անցորդներն էլ հնարավորություն կունենան լուսանկարվել օրվա խորհրդով ձևավորված հատուկ շրջանակով և ստանալ իրենց լուսանկարը:
Հաջորդ օրը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Չկոնֆերանս»՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը», «Անձնական տվյալների պաշտպանություն», «Սերունդների համերաշխություն» թեմաներով, որին կհաջորդեն տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով ընթացող աշխատարաններ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ: Ավելի ուշ կկայանա ԷՔՍՊՈ–տոնավաճառ՝ տարբեր ուսումնական հաստատությունների և ընկերությունների կողմից կրթական և աշխատանքային հնարավորությունների ներկայացում: Միջոցառումները կեզրափակվեն ժամանցային ոչ ֆորմալ հավաքով:
«Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը, 2015 թվականից սկսած, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այս տարի նույնպես օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ հանդես է գալիս մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ»,- եզրափակեց Մարիամ Ղարագյոզյանը: