5 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղի բնակիչ, ֆերմերային տնտեսություն վարող Վարդան Հայրապետյանը լիզինգի միջոցով ձեռք է բերել «Կուբան» մակնիշի ավտոմատ կառավարման 2 անձրեւացնող համակարգ, որի միջոցով էլ կազմակերպում է 33 հեկտար կարտոֆիլի ցանքերի ոռոգումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, ոռոգման նման համակարգի գործարկումն առաջին դեպքն է Գեղարքունիքի մարզում, որն արդյունավետ ու արագ է դարձնում ոռոգումը։ Համակարգը գործարկվել է 2022 թվականի հուլիս ամսից, կարտոֆիլի դաշտն արդեն ստացել է երկու ոռոգում։ «Կուբան» մեքենաներից յուրաքանչյուրն ունի 197 մետր երկարություն։ Դրանք շարժվում են շրջանաձեւ եւ անձրեւացման եղանակով 7 ժամվա ընթացքում ոռոգում ամբողջ ցանքերը։ «Կուբանները սնվում են խորքային հորից, որը կառուցվել է 4 տարի առաջ, Վարդան Հայրապետյանի միջոցների հաշվին՝ 20 միլիոն դրամի չափով։ Եւս 60 միլիոն դրամ ներդրվել է «Կուբան» մեքենաների ձեռքբերման համար, որից 18 միլիոն դրամն է տրվել լիզինգով, մնացած գումարը դարձյալ ներդրել է Վարդան Հայրապետյանը։
«Ժամանակն ուղիղ տանում է գյուղատնտեսության մեքենայացմանը։ Եվ սա աննախադեպ է մեր մարզի գյուղատնտեսության պատմության մեջ։ Այսպես մենք կունենանք ոռոգման ջրի ավելի արդյունավետ կառավարում, ավելի բարձր բերքատվություն, չենք անհանգստանա ոչ մի երաշտից, կխնայենք ժամանակ ու աշխատուժ, միջոցներ։ Հավատում եմ, որ Վարդանի օրինակին կհետեւեն նաեւ ֆերմերային մյուս տնտեսությունները»,-ասաց Մարտին Պետրոսյանը։ Իր տպավորություններով մեզ հետ կիսվեց նաեւ Վարդան Հայրապետյանը։
«Ոռոգման նորագույն համակարգը ձեռք եմ բերել ՌԴ Տոլյատի քաղաքի գործարանից, եւ այնտեղ էլ հավաստեցին, որ ես առաջին անձն եմ Հայաստանում, որ դարձել եմ իրենց արտադրանքը գնողը։ Ինչու՞ որոշեցի նման մեծ ծախսերի գնով ձեռք բերել ոռոգման նորագույն այս համակարգը՝ հիմնականում երաշտի դեմ արդյունավետ պայքարելու եւ ավելի բարձր բերքատվություն ապահովելու համար։ Իսկ ինչու՞ հատկապես կանգ առա անձրեւացման եղանակի վրա. քանի որ, ինչպես ցույց են տվել բերքի ստացման արդյունքները, մենք բարձր բերք ստացել ենք միայն անձրեւոտ տարիներին, իսկ երաշտ տարիներին, չնայած ոռոգումները ժամանակին ենք կատարել, նվազ բերքատվությամբ ենք տարին փակել։ Հիմա ուզում եմ խոսել այս համակարգի արդյունավետության մասին։ Մեքենաներից յուրաքանչյուրը 6 հեկտարը ոռոգում է 7 ժամվա ընթացքում։ Սովորական ոռոգման դեպքում մեզանից պահանջվում էր 3 օր, 45 լիտր վայրկյան հզորության ջուր, ոռոգումն իրականացնում էին երկու ջրվոր, որոնցից յուրաքանչյուրին օրական վճարում էի 20 հազար դրամ։Նույն 45 լիտր վայրկյան հզորության ջուրը ծախսվում է 7 ժամվա ընթացքում, որի արդյունքում խնայվում է թե ջուրը, թե էլեկտրաէներգիան։ Հիմա ես շահում եմ եւ՛ ժամանակի եւ՛ գումարի մեջ։ Բացի այդ, սովորական ոռոգման դեպքում ջրի սնուցում ստանում է միայն արմատը, մինչդեռ այս դեպքում ջրով սնվում են տերեւները, ցողունները եւ արմատը։ Համակարգը կառավարվում է ավտոմատ եղանակով, անգամ մեր տնից կարողանում եմ հսկել եւ կառավարել մեքենաների աշխատանքը։ Անշուշտ, Վարդենիսի տարածքում դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից գործարկվել է ոռոգման «Կուբան» համակարգը, սակայն այն մի շարք առումներով զիջում է մեր ձեռք բերած համակարգին։Ինչո՞վ են դրանք իրարից տարբերվում։ Նախկինում արտադրված «Կուբանները» շարժվում են միայն ուղղաձիգ, իսկ մեր նորագույն մեքենաները՝ շրջանաձեւ։ Նրանք ոռոգում են ցնցուղային, իսկ մեր համակարգը՝ անձրեւացման եղանակով։ Մեր համակարգը գործարկվում է 2 մթնոլորտ, մինչդեռ նրանցը՝ 8 մթնոլորտ ճնշման դեպքում միայն։ Վարդենիսի տարածքում քիչ թիվ չեն կազմում ֆերմերային տնտեսությունները,որոնք կարող են անցնել ոռոգման այն եղանակին, որն առաջին անգամ ներդրվել է մեր կողմից, եւ որը մի քանի անգամ ավելի արդյունավետ ու շահեկան է»,-ներկայացրեց Վարդան Հայրապետյանը։
Վարդան Հայրապետյանը ծնվել է ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Թթուջուր գյուղում։ 1989 թվականից բնակություն է հաստատել Վարդենիս քաղաքում, ապա՝ Սոթք գյուղում, որտեղ եւ հիմնադրել է ֆերմերային տնտեսություն՝ զբաղվելով հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Նրա տնտեսությունը տարեկան արտադրում է 400-800 տոննա կարտոֆիլի, 80-100 տոննա հացահատիկի բերք, շուրջ 33 հազար լիտր կաթ, 6 տոննա միս։Նա ստեղծել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած անասնապահական ֆերմա։ Եվ այս ամենը նա արել է սահմանամերձ համայնքում՝ միշտ զարգացնելով ու առաջ մղելով իր տնտեսությունը։
Խոսրով Խլղաթյան