Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի շահերի պաշտպանությանը մշտապես հետամուտ լինելու համար. փոխվարչապետ Գրիգորյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան,

Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ,

Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ֆրանսիայի Ազգային Տոնի կապակցությամբ։

Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը բացեց մարդու իրավունքների և ժողովրդավարական հենքով ապագայի նոր ուղի. դրանից ի վեր Ֆրանսիական մեծ հեղափոխության համամարդկային բարձր արժեքները շատ երկրների համար դարձան օրինակելի ուղեցույց:

Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն. հայերն ու ֆրանսիացիները միասին են եղել իրենց պատմության կարևոր և փորձություններով լի բազմաթիվ շրջադարձերում։ Մենք երբեք չենք մոռանա, որ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիան եղբայրական ձեռք մեկնեց ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայերին, ովքեր գտան իրենց երկրորդ հայրենիքը:

Մեր երկու երկրների բարեկամությունը կարևոր հիմք դարձավ` հաստատելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչպես նաև արդյունավետ ու սերտ համագործակցություն բոլոր առանցքային ոլորտներում:

Մեծարգո դեսպան,

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը մշտապես ուշադիր և հետամուտ լինելու համար։

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և արդար կարգավորման գործընթացում: Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել հումանիտար աջակցության համար, որ ցուցաբերեց բարեկամ Ֆրանսիան Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Պետք է նշեմ, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ այժմ մենք ջանքեր ենք գործադրում մեր տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչին նպաստում է նաև անցյալ տարի ստորագրված 2021-2026 թվականների համար հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը:

Չեմ կարող չընդգծել հայ-ֆրանսիական հարաբերություններում մշակույթի և գիտակրթական ոլորտում համագործակցության առանձնահատուկ դերը:

Բարձր ենք գնահատում կրթության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը: Իր հերթին մեզ համար նաև ոգևորիչ է Փարիզում և վերջերս Լիոնում բացված Թումո կենտրոնների առկայությունը:

Կարևորում եմ նաև ապակենտրոնացված մակարդակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, որում նշանակալի ավանդ ունի երկու երկրների 30-ից ավելի ՏԻՄ-երի միջև փոխգործակցությունը:

Որպես Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ՝ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման գործում:

Ամփոփելով խոսքս ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ տիկին դեսպան, դեսպանության անձնակազմին, Ֆրանսիայի Կառավարությանն ու բարեկամ ժողովրդին այս տոնական օրվա կապակցությամբ՝ մաղթելով բարգավաճում և բարօրություն:

Առիթից օգտվելով՝ ուրախ եմ նաև արձանագրելու, որ այս տարի տոնում ենք հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ հարատևություն եմ մաղթում հայ-ֆրանսիական բարեկամությանը։

Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»։

Հայերեն العربية English

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկում է ունեցել թանգարանների տնօրենների հետ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-04/02/25

Ասիական ինդեքսներ - 04/02/25

Իրաքի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը մինչև տարեվերջ կավարտեն առաքելությունը երկրում

Հայաստանի ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ անդրադարձ է կտարել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի

Մոսկվայի բնակելի համալիրում զոհերից մեկը կարող էր լինել պայթյունն իրականացնողը

ՆԳՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման վերաբերյալ

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է դպրոցական բաժանորդային ծրագրով

Հայաստանում նախատեսվում է Իտալիայի առևտրի և ներդրումային գործակալության բացումը. Գևորգ Պապոյանն ընդունել է Ալեսսանդրո Ֆերրանտիին