Հասարակական

Գազալցակայանները կտուգանվեն չվկայագրված գազաբալոնները լիցքավորելու պարագայում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ եթե գազալցակայանները կխախտեն օրենքը ու կլիցքավորեն ավտոմեքենաները, ապա կտուգանվեն:

«Վարորդի համար տուգանք նախատեսված չէ: Տուգանվելու է գազալցակայանը, եթե լիցքավորի վկայագրում չունեցող գազաբալոնը: Տուգանքի չափերը հստակ սահմանված են վարչական իրավախախտումների մասին օրենքում: Առաջին անգամ խախտումն արձանագրվելու դեպքում տուգանքը սահմանված է 200 հազար դրամ»,-ասաց նա:

Այն վարորդները, որոնք դեռ չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրումը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ գործընթացը կազմակերպելու համար: Կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Վկայագիրը կտրամադրվի թղթային տարբերակով:

«Իհարկե, պատրաստվել է համապատասխան թվային համակարգ, որով գազաբալոնների վկայագրումը ստուգելու հնարավորություն են ունենալու գազալցակայանների աշխատակիցները, սակայն խորհուրդ ենք տալիս վարորդներին գազալցակայաններ մոտենալիս սկզբնական փուլում, ամեն դեպքում, ձեռքի տակ ունենալ թղթային տարբերակը»,-ասաց Խաչիկ Սողոմոնյանը:

Գազաբալոնների տվյալների շտեմարանն ամբողջությամբ պատրաստ է, գազալցակայանների զգալի հատվածն արդեն միացել է համակարգին: Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ այդ առումով խնդիրներ չկան, տեխնիկական առումով պատրաստ են:

Մյուս կողմից կան խնդիրներ նշված ժամկետում վկայագրման գործընթացն ավարտին հասցնելու հետ կապված: Ավանդույթի համաձայն բազմաթիվ վարորդներ գազաբալոնների վկայագրումը թողել են վերջին օրվան ու հիմա վկայագրման կայաններում բավական մեծ ծավալի հերթեր են: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կայաններն առիթից օգտվում են ու գները բարձրացնում են: Ի՞նչ է անում նախարարությունը իրավիճակը կարգավորելու համար: Նախ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ գնային առումով կառավարությունը չի կարող ազդեցություն ունենալ, դա շուկան պետք է կարգավորի: Ինչ վերաբերում է հերթերին, ապա նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ գազաբալոնների վկայագրում կատարող կազմակերպությունների ցանկը կընդլայնվի:

«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են նման գործունեությամբ զբաղվել, լիցենզիա ստանալ, մենք փորձում ենք աջակցել: Գործընթացն արագ կազմակերպում ենք ապահովելու կայանների բաշխվածությունը Հանրապետության տարածքով: Արդեն ունենք հայտեր մարզերից»,-ասաց նա:

Ներկայում գործում է 23 լիցենզավորված կազմակերպություն, որոնք չեն ծածկում Հանրապետության տարածքը: Կան մարզեր, որ ընդհանրապես նման կազմակերպություն չկա, որոշ մազերում էլ մեկ կամ երկու նման կազմակերպություն է գործում: Կա մտավախություն, որ մինչև օգոստոսի 1-ը շատերը չեն հասցնի ավարտել գազաբալոնների վկայագրման գործընթացը: Արդյո՞ք նոր կարգավորումների ժամկետի երկարաձգում սպասվում է:

«Այս հարցը բազմիս քննարկվել է, կարծում ենք, որ ժամկետների երկարաձգումը լուծում չէ: Եթե այս պահին երկարաձգվեց մինչև, օրինակ, դեկտեմբերի 1-ը, միևնույն է կրկին թողնելու են վերջին օրվան»,-հավելեց Խաչիկ Սողոմոնյանը:

Թե Հանրապետությունում որքան ավտոմեքենա է շահագործվում գազաբալոնով, նման տվյալներ չկան: Նախարարության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս գործընթացը կտա նաև այդ հարցի պատասխանը:

Հայերեն

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել

Boeing-ը 200 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Qatar Airways-ից

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 36 հազար մանրաձուկ