Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն մշակութային ժառանգության պահպանման և արժևորման բնագավառում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 11-ին պաշտոնապես հայտարարեցին «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի բացումն ազդարարվեց հուշագրով, որը ստորագրեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 600 եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022-ի հուլիսից մինչև 2023-ի դեկտեմբեր: Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանն ու զարգացմանը:

«Ծրագրի իրականացումը երկկողմանի համագործակցության առաջնահերթություններից մեկն է: Թեման արծարծվել է Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև»,-ասաց Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Նրա խոսքով՝ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. նախատեսվում է մշակութային ժառանգության վերականգնման և ամրակայման, մասնագետների հմտությունների ամրապնդում ու զարգացում՝ շարունակական վերապատրաստման դասընթացների միջոցով: Այն իրականացվում է Ժառանգության ազգային ինստիտուտի կողմից՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Երկրորդ բաղադրիչը վերաբերում է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնմանը: Նախագծի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել հուշարձանի պատմաճարտարապետական հետազոտություն: Այն նույնպես իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտը՝ համագործակցելով Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ:

Երրորդ բաղադրիչը նվիրված է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության վերակազմակերպմանը, արդիականացմանը և միտված է հավաքածուների արժևորմանը: Այն իրականացվելու է Լուվրի թանգարանի հետ համատեղ:

Վահրամ Դումանյանը կարծում է՝ ծրագիրը մատնանշում է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները: «Հայաստանն ունի բազմադարյա հարուստ պատմամշակութային ժառանգություն, որի պահպանությունը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Այդ առաջնահերթությունը հատկապես նշանակություն ստացավ 2020-ին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության իրագործման հետևանքով, որով նոր մարտահրավերներ ստեղծվեցին Հայաստանի սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանության համար»,-նշեց նախարարն ու հավելեց, որ Ֆրանսիայի հետ իրականացվող ծրագիրը ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակ է:

Անդրադառնալով 2022-ի մարտին Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայ ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համաժողովի շրջանակում կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նախարարն ասաց, որ դրանց մի մասն է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծումը, որի գործունեությունը Հայաստանում նոր որակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը շեշտեց, որ թանգարանի համար չափազանց կարևոր փուլ է սկսվում: «Էրեբունին Ուրարտուի թագավորության հուշարձաններից է ու մեր ազգային ու պետական ինքնության կարևոր խորհրդանիշ: Այն կարևոր դեր ունի Հայաստանի ու երկրի հնագույն պատմության ընկալման համար: Այստեղ հայ-ֆրանսիական արշավախմբի իրականացրած պեղումների շնորհիվ ֆիքսվել են նաև Երվանդունիների հետուրարտական շրջանի կարևորագույն կառույցներ, որը մեր պատմության չուսումնասիրված փուլերից է: Մեզ համար պատիվ է համագործակցել այս ծրագրի շրջանակում և ունենալ բոլորովին նոր ցուցադրություն»,-եզրափակեց Բադալյանը:

Ծրագիրը նախագծվել և իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի, Լուվրի թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Էրեբունի թանգարանի հետ համագործակցությամբ:

Հայերեն العربية

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները