Արտեմ Փաթափությանն իր Նոբելյան մեդալը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը, որը 2021-ին Նոբելյան մրցանակի է արժանացել ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար, հունիսի 14-ին իր պատվավոր մրցանակը՝ Նոբելյան մեդալը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մեծ պատիվ համարեց Արտեմ Փաթափությանին հյուրընկալելը:

«Սա մեծ իրադարձություն է և՛ մեր թանգարանի, և՛ մեր երկրի համար: Այս մրցանակը կարող է նման նախաձեռնությունների նոր հիմք դառնալ: Վստահաբար հատկապես մոր երիտասարդ այցելուները, տեսնելով նմանատիպ ցուցանմուշներ, կարող են ոգեշնչվել և որոշել գիտությամբ զբաղվել»,-նշեց Պողոսյանը:

Փաթափությանն էլ խոստովանեց՝ եթե 18 տարեկանում որևէ մեկն իրեն ասեր, որ մի օր ինքը Նոբելյան մրցանակի կարժանանա, և այդ մեդալը կհամալրի Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների շարքը, ինքը կծիծաղեր ու կկարծեր, որ զվարճանում են:

«Այս մրցանակն ու ճանաչումը ձեռք բերելն ինձ համար զարմանալի էր, սակայն այն հույսի ուղերձ է բոլոր երիտասարդներին, ուսանողներին, որ, եթե նման բան տեղի ունեցավ ինձ հետ, կարող է պատահել նաև նրանց հետ: Նրանք պետք է ուղղակի զբաղվեն սիրած գործով, շատ աշխատեն ու հաճույք ստանան իրենց արածից: Ինձ համար պատիվ է, որ իմ մեդալը տեղ է գտել այստեղ, և ես ուրախ եմ այս թանգարանի մի մասը լինել»,-ընդգծեց լիբանանահայ գիտնականը:

Նա կարծում է՝ գիտությունը դանդաղ գործընթաց է: Փաթափությանը 22 տարի պրոֆեսոր է եղել՝ աշխատելով Կալիֆոռնիայի ինստիտուտներից մեկում, և բազմիցս ասել է, որ գիտնականները չպետք է աշխատեն՝ մրցանակների արժանանալու կամ ճանաչում ձեռք բերելու համար: «Մենք զբաղվում ենք գիտությամբ, որովհետև այն մեզ իսկապես հետաքրքրում է, և մենք ցանկանում ենք օգուտ տալ մարդկությանը: Ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ, ինձ դուր է գալիս այն ինչ անում եմ: Ես ամեն օր ձգտում եմ բացահայտումներ անել, հասկանալ, թե ինչպես են կյանքն ու մեր մարմինն աշխատում, ինչ է պատահում, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում»,-ասաց Արտեմ Փաթափությանը:

Նա հույս ունի, որ իր նվաճումը կարող է ոգեշնչել երիտասարդ գիտնականներին շատ աշխատել ու հաջողությունների հասնել, ինչը կօգնի երկրի տնտեսությանն ու այլ ոլորտներին:

Անդրադառնալով Հայաստանում գիտության զարգացումներին՝ Փաթափությանն ասաց՝ բազմաթիվ ինտելեկտուալ, հետաքրքրասեր ու զարգացած երեխաների է հանդիպել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, երեխաների, որոնք ձգտում են նոր բաներ ստեղծել, առաջ գնալ: Ըստ գիտնականի՝ պետությունը պետք է աջակցի նրանց, ենթակառուցվածքներ ստեղծի՝ նրանց օգնելու համար:

Նա խոստովանեց, որ դեռ չի մտածել Հայաստանում հաստատվելու և հայրենիքում գիտական գործունեություն ծավալելու մասին, սակայն երջանիկ է, որ այստեղ է ու ցանկանում է ընդգրկվել Հայաստանում տեղի ունեցող գիտական գործընթացներում, եթե կարիք լինի:

«Կարծում եմ, որ պետք է գիտակցել՝ ԱՄՆ-ում գիտության վրա միլիոնավոր դոլարներ են ներդրվում: Հայաստանը դեռ չի կարող այդքան գումար ներդնել, սակայն դա չի նշանակում, որ հույս չկա ու չի կարելի գիտությամբ զբաղվել: Եթե նայենք համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, կնկատենք, որ Հայաստանում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք զարգանում են ու կարող են նպաստել երկրի գիտական առաջընթացին»,-եզրափակեց Արտեմ Փաթափությանը:

Հայերեն Español Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված