Ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում. Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ լինելու են: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացմանը վերաբերող հարցին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք եռակողմ հանդիպումներ են ունեցել 2020 թվականին տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման և հարաբերությունների կարգավորման հետ կապված գործնական հարցերը լուծելու նպատակով:

«Ըստ իս՝ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում: Գուցե, ցանկալի կլիներ, որ տեմպերն ավելի արագ լինեին, բայց, այդուհանդերձ, պրոցեսն առաջ է գնում, ձեռք են բերվում առարկայական, պոզիտիվ, թեկուզև դեռ միջանկյալ արդյունքներ, բայց կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ: Մենք փորձում ենք ամեն կերպ նպաստել դրան: Իհարկե, կողմերն ունեն իրենց առանձնահատուկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես այն հարցում, թե ինչպես պետք է աշխատել գալիք շրջափուլում, բայց ամեն դեպքում մեր բոլոր գործընկերներն էլ և մենք էլ համամիտ ենք, որ բարձրագույն մակարդակով ընդունված երեք հայտարարությունները շատ պարզ ճանապարհային քարտեզներ են, որոնցով մենք բոլորս պետք է առաջնորդվենք», - պարզաբանեց Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերով հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը վերջերս է տեղի ունեցել, իսկ հերթական հանդիպումը նախատեսված է Մոսկվայում: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է այդ առումով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ զուգահեռաբար նաև էապես առաջ են գնացել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման հարցով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ:

«Այնպես որ, համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան հարաբերությունների լիարժեք նորմալացումը, գոյություն չունի», - հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Երևան: Հունիսի 9-ին նա հանդիպում է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Նույն օրը Սերգեյ Լավրովին ընդունելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իսկ հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարարն իր գործընկերների հետ միասին Երևանում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին:

Հայերեն English Español Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին