Երևանի կենդանաբանական այգում 119 կենդանատեսակ է բնակվում. առաջիկայում շեշտը դրվելու է հավաքածուն համալրելու վրա
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի ամուրյան վագրով: Այգում նոր կենդանատեսակների համալրումը շարունակական է լինելու: Նոր կենդանատեսակների, այգում սպասվող բարեփոխումների, հունիսի 1-ին կայանալիք միջոցառումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանի հետ:
- Պարոն Ղազարյան, նշեք, խնդրեմ, քանի՞ կենդանի է հիմա ապրում կենդանաբանական այգում: Առաջիկայում ե՞րբ սպասենք նոր համալրումների: Բունկա փիղը ե՞րբ զուգընկեր կունենա:
- Այգում այժմ կատարվում են գույքագրման աշխատանքներ, սակայն ըստ վերջին՝ 31.12.2021թ. տվյալների, այգում կա 119 կենդանատեսակ՝ 691 գլխաքանակով, որոնց մեջ ներառված չեն ի պահ տրված կենդանիները:Միայն գույքագրումից հետո կունենանք նոր տվյալներ:
Նշեմ, որ ի պահ տրված կենդանիների քանակն աստիճանաբար նվազում է, շեշտը առաջիկայում դրվելու է այգու սեփական հավաքածուն համալրելու վրա: Հենց երեկ՝ մայիսի 30-ին, ամերիկահայ բարերարների կողմից այգին նվեր ստացավ 3 աֆրիկյան ջայլամ: Նոր տեսակներ ձեռք բերելը շարունակվելու է. առաջիկայում բարերարների օգնությամբ նաև սպասվում է ամուրյան վագրի երիտասարդ առանձնյակով:
Ի դեպ, այգում ծնի շրջան է. տասնյակ եվրոպական եղնիկներ շուտով ձագեր կունենան: Հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, առյուծը, թռչունների, սողունների՝ ՀՀ կարմիր գրքում գրանցված մի քանի տեսակներ արդեն ունեցել են ձագեր:
Բունկայի զույգի հետ կապված՝ նախ պետք է փղի ազատավանդակի ընդլայնում, պրիմատների բաժնի հիմնանորոգման հետ համատեղ, քանի որ իրար հարևանությամբ են: Դրանից հետո միայն կարող ենք դիմել էգ փիղ ստանալու խնդրանքով կենդանաբանական այգիներին: Այգում ծնված կենդանիների թվում, բացի ձեր թվարկածից, նաեւ թռչունների մի քանի տեսակներ: ՀՀ կարմիր գրքում գրանցված սողունների մի քանի տեսակների զուգավորում մոտ ապագայում կլինի, սպասում ենք սերունդ:
- Ձեր հարցազրույցներում դուք նշել էիք, որ ամեն ինչ արվելու է այգին միջազգային մակարդակի դարձնելու համար: Ի՞նչ առաջնային քայլեր եք ձեռնարկելու այս ուղղությամբ:
- Կենդանաբանական այգին միջազգային մակարդակի բարձրացնելու համար նախ պետք է այգու ենթակառուցվածքների, արտաքին պատնեշի, ազատավանդակների և աշխատանքային շինությունների վերակառուցում և նորացում: Այս աշխատանքներն արդեն ծավալվել են այգում: Նշեմ, որ սրանք առաջնահերթ գործողություններ են, որոնք հնարավորություն կտան անցնել հաջորդ քայլին՝ աշխատակազմի կրթական-մասնագիտական պատրաստվածության բարձրացումից հետո, նախաձեռնել այգու ռազմավարական զարգացման հերթական փուլերը, այդ թվում կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիային (EAZA) լիիրավ անդամակցությունը:
- Կենդանաբանական այգու առաջ ծառացած ի՞նչ խնդիրներ կան այս պահին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
- Ցավոք պետք է նշեմ, որ տարիների ընթացքում կենդանաբանական այգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք շարունակական և հետևողական աշխատանքների արդյունքում աստիճանաբար կստանան իրենց լուծումները: Ներկայումս ծրագրվում է իրականացնել վթարային վիճակում գտնվող շինությունների և ազատավանդակների հիմնանորոգման, այգու տարածքի ցանկապատման, ինչպես նաև այգու ամբողջ տարածքի ջրահեռացման և կոյուղու ցանցի կառուցման աշխատանքներ: Նշված մեծածավալ և լուրջ միջոցներ պահանջող ծրագրերը կյանքի կոչելուց հետո մեր կողմից կմշակվի մյուս փուլերով իրականացվելիք աշխատանքների կատարումը:
- Այգու մուտքավճարի հետ կապված նոր փոփոխությունները երբվանի՞ց կմտնեն ուժի մեջ: Ո՞րն է այգու մուտքավճարի թանկացման պատճառը:
- Այգու մուտքի տոմսերի արժեքները ոչ թե թանկանում են, այլ հունիսի 1-ից իրականացվում է գների համահարթեցում, այսինքն՝ տոմսի գնի համար առաջարկվող 1000 դրամը միջինացված գին է: Նշեմ նաև, որ փոփոխությունների արդյունքում այցելուների որոշ խմբերի համար այգու մուտքն անվճար է, ինչպես նաև գործում են զեղչային տարբեր փաթեթներ: «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը եկամուտ չհետապնդող հիմնարկ է, և տոմսերից գոյացած միջոցներն այգու պահպանման և սպասարկման համար նախատեսված ծախսերի որոշակի մաս են կազմում:
- Վաղը հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության օրը: Մանուկների համար ի՞նչ միջոցառումներ, անակնկալներ են նախատեսվում այգում այդ օրը:
-Հունիսի 1-ին մեր փոքրիկ և մեծահասակ այցելուներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, համերգային ծրագրեր, զվարճալի միջոցառումներ, փակագծեր բացել չեմ ուզում: Բոլորիդ հունիսի 1-ին հրավիրում եմ կենդանաբանական այգի՝ մասնակիցը դառնալու բազմազան զվարճալի շոու-ծրագրերին:
Վստահեցնում եմ, որ մեր այցելուների համար օրը կվերածվի իսկական տոնի: Նշեմ նաև, որ հունիսի 1-ին երեխաների մուտքն այգի անվճար է:
Հարցազրույցը` Անի Դանիելյանի
Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի