Աշխարհ

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

Ապրիլի 21-ին մահկանացուն կնքած Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրաժեշտ տալու ցանկություն ունեցող ուխտավորները ավելի քան չորս ժամ սպասում են Սուրբ Պետրոսի տաճար մտնելու իրենց հերթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fatto Quotidiano թերթը: 

Հանգուցյալ պապի մարմինը ապրիլի 23-ի առավոտյան տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, որպեսզի հավատացյալները կարողանան հարգանքի տուրք մատուցել նրան մինչ շաբաթ օրը կայանալիք հուղարկավորությունը: Պապին հրաժեշտ տալ ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ Վատիկանում չեն բացառում տաճարի մուտքը մինչև կեսգիշեր բաց պահելու և հրաժեշտի արարողությունը առավոտյան ժամը 7-ից շարունակելու հնարավորությունը: Այն կտևի մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ թաղման հանդիսավոր արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան ապրիլի 26-ին:

Հուղարկավորության պահից Վատիկանում կհայտարարվի 9-օրյա սուգ, որի ավարտին կարդինալների կոնկլավ կհավաքվի՝ նոր պոնտիֆիկոս ընտրելու համար։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իր կտակի համաձայն, կթաղվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, այլ ոչ թե Վատիկանում, որտեղ հանգչում են նրա նախորդներից շատերը։ Ֆրանցիսկոս պապի խնդրանքով՝ նրա գերեզմանը լինելու է համեստ՝ առանց հատուկ զարդարանքի:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է երկուշաբթի առավոտյան՝ 88 տարեկանում: Փետրվարի 14-ին նա տեղափոխվել էր Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց՝ հետազոտության և բրոնխիտի բուժումը շարունակելու նպատակով: Հետագայում հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Արդեն հիվանդանոցում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ունեցել էր չորս շնչառական ճգնաժամ: Մարտի 23-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից: Հաղորդվել է, որ Ֆրանցիսկոս պապը մահացել է քրոնիկական մի շարք հիվանդությունների ֆոնին տեղի ունեցած կաթվածից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում