Երևանի մուտքերից մեկի մոտ նոր անտառային գոտի կստեղծվի
1 րոպեի ընթերցում

Երևանում տարեսկզբից արդեն անցկացվել է շուրջ 10 կմ ոռոգման նոր համակարգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 2025-ին ընդհանուր առմամբ 25 կմ նոր ցանց կանցկացվի։
Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ քաղաքային ծառատունկի ընթացքում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, իսկ այս շաբաթ նոր անտառային գոտի կստեղծվի Երևանի մուտքերից մեկի մոտ՝ Աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհին հարող լանջերին: Քաղաքը ձեռք է բերել մոտ 10 հազար մշտադալար թուփ, որոնք այս պահին լրացվում են Երևանում. ևս 40 հազարն արտադրվել է համայնքային տնկարանային տնտեսությունում: Վերջին երկուսուկես տարում Երևանում 20 հազարից ավելի ծառ է տնկվել, այս տարվա ընթացքում այդ թիվը կմոտենա 25 հազարի:
«Կենտրոն վարչական շրջանում 35 հա-ում նախատեսվում է ծառատունկ. ծրագիրը կմեկնարկի Կենդանաբանական այգուց և կավարտվի Գայի պողոտայում: Մինչ այս պահն այդ 35 հա-ում ցանկապատերից ազատվել են զավթված հողերը, ինչպես նաև քանդվել քոլիկանման շինություններ»,-ավելացնում են քաղաքապետարանից։