Մեծ Մասրիկ գյուղում հաստատվեց Արցախից տեղահանված հերթական ընտանիքը
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ գյուղում ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ միջոցներով արդեն բնակություն էին հաստատել Արցախից 2020 թվականի պատերազմի հետեւանքով տեղահանված բազմազավակ 5 ընտանիքներ, որոնց թիվն արդեն ավելացել է եւս մեկով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանը, վերջերս այդ ընտանիքների կազմը Մեծ Մասրիկում համալրել է Արցախի Մարտունու շրջանի Նոր Մարաղա գյուղից տեղահանված Վահագն Խաչատրյանի բազմազավակ ընտանիքը։ Այն, փաստորեն, վեցերորդ ընտանիքն է, որ նոր տուն ու տեղ է դնում ամերիկյան «Փարոս» հիմնադրամի եւ «Ֆոկուս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Մեծ Մասրիկում ծափերով, երգով ու պարով են դիմավորել իրենց նոր համագյուղացիներին։
«Մեր հիմնադրամը Մեծ Մասրիկում ընտրել եւ գնել է հիմնականում այն տները, որտեղ վերջին երեսուն եւ ավել տարիների ընթացքում ընտանիքներ չեն բնակվել։ Այս քայլը կատարել ենք, որպեսզի որեւէ կերպ նպաստած չլինենք գյուղի բնակչության արտագաղթին, այլ հակառակը, ավելացնենք բնակչության եւ կենսունակ ընտանիքների թիվը։ Մեր կողմից գնված բնակարանը նորոգվել է հիմքից՝ ջեռուցման ու ջրամատակարարման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ էներգամատակարարման համակարգերով, կառուցվել է անասնագոմ, վերաբնակված ընտանիքների համար գնվել են անասուններ ու անասնակեր, միջոցներ են տրամադրվում հողագործությամբ զբաղվելու համար։ Մի խոսքով, արվում է հնարավորը, որպեսզի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներն ամրանան Մեծ Մասրիկում, ունենան մշտական զբաղմունք ու կայուն եկամուտներ, ինտեգրվեն գյուղական միջավայրին։ Դրա հետ մեկտեղ Մեծ Մասրիկում իրականացնում ենք կրթական ու առողջապահական մինի ծրագրեր, որպեսզի նպաստենք երեխաների առողջության պահպանմանն ու կրթության զարգացմանը։ Այս ամենն արվում է «Փարոս›› հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի բարձր հովանու ներքո։ Մեր գործընկերն է «Ֆոքս օն չիլդրըն նաու» բարեգործական կազմակերպությունը, որն արդեն վերանորոգված բնակարաններն ապահովում է գույքով, կենցաղային տեխնիկայով եւ 3 ամիս անվճար սննդով։ Այս ծրագիրը կլինի շարունակական»,-ներկայացրեց Գեղամ Մինասյանը։
Վահագնը եւ նրա կին Ալինան 6 երեխա են մեծացնում: Ավագը 10 տարեկան է, ամենափոքրը՝ 2: Երեք երեխաներն արդեն հաճախում են Մեծ Մասրիկի դպրոց: Երեխաներն էլ նույնքան ուրախ եւ ոգեւորված են, որքան ծնողները: Փոքրիկ Վանիին հատկապես դուր է եկել իր սենյակն ու տան բակը: Բնակարանը, որ հատկացվել է Խաչատրյանների ընտանիքին, ավելի քան մեկ տասնամյակ լքված է եղել: Այժմ այն նորոգ ու կահավորված ծառայելու է նոր տանտերերին: Մեծմասրիկցիներն էլ ուրախ են, որ իրենց սահմանամերձ գյուղը հաստատուն եւ ամուր է դառնալու նաեւ նոր բնակիչների շնորհիվ: Վերաբնակեցված ընտանիքի մայրը հավաստեց, որ պահելու, պահպանելու եւ շենացնելու են իրենց նոր տունը: Տնտեսությունն էլ պատրաստվում են զարգացնել հողագործությամբ եւ անասնապահությամբ:
«Մենք ունենք եւս չորս ընտանիք Մեծ Մասրիկում վերաբնակեցնելու ծրագիր, որը, հուսով եմ, կավարտենք մինչեւ տարեվերջ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, և ամեն ինչ արվելու է, որ այդ չորս ընտանիքները նույնպես բնավորվեն ու դառնան Մեծ Մասրիկի նոր պատմության մի մասը»-նշել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը։
Խոսրով Խլղաթյան