Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվեց «Հայրենական Մեծ պատերազմը և Երևանը» խորագրով ցուցահանդեսը
3 րոպեի ընթերցում
![Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվեց «Հայրենական Մեծ պատերազմը և Երևանը» խորագրով ցուցահանդեսը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1082581.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում մայիսի 6-ին տեղի ունեցավ «Հայրենական Մեծ պատերազմը և Երևանը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լուսանկարներում ներկայացվեց Երևանը պատերազմական տարիներին, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների դիմանկարներ։
Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ այս ցուցահանդեսով տրվեց մեկնարկը Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների շարքին:
«Ցուցահանդեսում ներկայացվել է Երևանի բնակիչների կյանքը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ինչպես են նրանք օգնել առաջին գծին, ինչպես են ապրել: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը: Այն կազմակերպվել է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ»,- ասաց Կարապետյանը:
Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրենը հայտնեց, որ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակներում կանցկացվեն ֆուտբոլային մրցույթ, համերգներ, հիշատակման արարողություններ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:
«Մեր միջոցառումների շարքը կավարտենք տոնական համերգով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարի Դմիտրի Շոստակովիչի թիվ 7 («Լենինգրադյան») հերոսական սիմֆոնիան, որը գրվել է Հայրենական մեծ պատերազմի շրջանում Լենինգրադի շրջափակման ժամանակ»,- նշեց Կարապետյանը:
Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար հետախույզ գնդապետ Պետրոս Պետրոսյանը հպարտությամբ է հիշում Հաղթանակի օրը:
« 77 տարի է արդեն անցել, բայց մենք՝ վետերաններս, ովքեր մասնակցել ենք Հայրենական մեծ պատերազմին, հիշում ենք Հաղթանակի օրը: Այսօր, արդեն 77-րդ տարին անընդմեջ հպարտությամբ, ջերմությամբ, սիրով և հարգանքով նշում ենք Հաղթանակի օրը: Համոզված եմ, հայ ժողովուրդը իր ուժի, հարգանքի, ջերմության շնորհիվ կշարունակի մնալ այն հաղթանակած ժողովուրդը, որը եղել է միշտ»,- ասաց Պետրոսյանը:
Բացման արարողությունից հետո Երևանի պատմության թանգարանի աշխատակիցը հյուրերի համար անցկացրեց շրջայց՝ ներկայացնելով լուսանկարների պատմությունը: