ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թերսնում, սխալ սննդային սովորույթ, ոչ հավասարակշռված սննդակարգ. այս և այլ խնդիրներն են վերհանել վերջերս Հայաստանում կատարված ուսումնասիրությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ էկոկենտրոն սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության մոտ 35 տոկոսը չի ստանում բավարար քանակությամբ կալորիա:
«Այսինքն՝ ազգաբնակչության 1/3-ը բախվում է ոչ բավարար քանակությամբ սնունդ ունենալու խնդրին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերսնումն ու սխալ սննդային սովորույթը առկա է ոչ միայն այն ընտանիքներում, որոնք ունեն եկամուտի հետ կապված խնդիր, այլև այդ խնդրին բախվում են ապահով ընտանիքները: Համավարակը , առողջ սնվելու տեսանկյունից, շատ բացասական ազդեցություն է թողել կայուն եկամուտներ ունեցող ընտանիքների վրա: Մնալով տանը՝ նրանք սկսել էին պատվիրել արագ պատրաստվող սնունդ, չիպսեր, նման սննդամթերք»,-ասաց Դավիթ Պիպոյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանում առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի խթանմանն ուղղված լուրջ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Ոչ վարակիչ հիվանդությունների 50 տոկոսը պայմանավորված են հենց ոչ ճիշտ կենսակերպով:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում երեխաների 50 տոկոսն ամեն օր օգտագործում է քաղցրավենիք: Երեխաների 30 տոկոսն ամեն օր օգտագործում է չիպս: Նրանք տեսնում ենք մեծերի սովորությունները, գովազդները: Խնդիրը բազմաբևեռ է: Առողջ սննդին վերաբերող հարցերը չեն կարող լինել միայն առողջապահության նախարարության տիրույթում: Օրինակ, երեխաներին կրթելը պետք է սկսել մանկապարտեզներից ու առողջ սննդի վարքագիծը արմատավորել այդ շրջանից: Աշխատանք պետք է տանել դպրոցներում, համալսարաններում: Ուշադրություն դարձնել գովազդի խնդիրներին, խանութներում ապրանքների մակնշումը և այլն: Այսինքն՝ համալիր մոտեցում է պետք»,-ասաց Մարիամ Մնացականյանը:
Խնդրին համալիր մոտեցմամբ լուծում տալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն գիտնականները, տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի շահագրգիռ մասնագետներ: Նախատեսվում է իրականացնել օրենսդրական, իրազեկման աշխատանքներ:
Դավիթ Պիպոյանի կարծիքով՝ ուսումնասական հաստատություններում առողջ սննդի գործընթացը կազմակերպելու համար պետք է նաև ներսում որոշ մոտեցումներ վերանայվեն:
«Իրականությունն այն է, որ և՛ ուսանողը, և՛ աշակերտը ստիպված է ոչ ճիշտ սնվել: Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք կարճ դասամիջոց: Հիմա ես ասեմ, հարգելի ուսանող պետք է ուտես բանջարեղեն, լոբազգի, ձուկ, միս, ձու: Այդ ուսանողը չի՞ ասի, կարճ դասամիջոցի ընթացքում ոնց ուտեմ այդքան, դրանից բացի դրանք որտեղի՞ց ձեռք բերեմ: Հետևաբար` այստեղ նույնպես անելիքներ կան ու այդ ձևավորվող աշխատանքային խմբում պետք է բարձրաձայնվեն այս հարցրերը»,-ասաց Դավիթ Պիպոյանն՝ ընդգծելով, որ միայն մեկ բաղադրիչով, միայն իրազեկմամբ հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի: