Քաղաքականություն

Հայաստանը և Ֆրանսիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ֆրանսիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ֆրանսիան այսօր` փետրվարի 24-ին, տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Թվիթերում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«30 տարի առաջ Հայաստանը և Ֆրանսիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ՝ այդպիսով նշանավորելով դարավոր բարեկամության վրա հիմնված և մի շարք ոլորտներում գերազանց փոխգործակցությամբ ամրապնդված մեր միջպետական հարաբերությունների սկիզբը», - նշել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի ամենամտերիմ բարեկամներից է և ամենավստահելի գործընկերներից մեկը ազգերի միջազգային ընտանիքում: Երևանի և Փարիզի հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են: Կողմերը ակտիվորեն գործակցում են ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ տարբեր ձևաչափերով:

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. փետրվարի 24-ին:

30 տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է 16 փաստաթուղթ, այդ թվում՝ 1997 թ. Դեկտեմբերի 9-ին ստորագրված Շրջանակային համաձայնագիրը Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև:

Երկկողմ ապրանքաշրջանառությունը, 2021 թ. տվյալներով, կազմում է ավելի քան 94 մլն ԱՄՆ դոլար:

2018 թ. մարտի 31-ից Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Հասմիկ Տոլմաջյանն է: Իսկ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը՝ Անն Լույոն, որն իր հավատարմագրերը ՀՀ նախագահին հանձնել է 2021թ. սեպտեմբերի 30-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում