Հասարակական

Հունվարի 1-ից որ կազմակերպությունից կարելի է կենսաթոշակը ստանալ անկանխիկ եղանակով

2 րոպեի ընթերցում

Հունվարի 1-ից որ կազմակերպությունից կարելի է կենսաթոշակը ստանալ անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքաբնակ այն կենսաթոշակառուները, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը կենսաթոշակը ստացել են կանխիկ եղանակով և չեն դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ նրանց համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն (Ազգային օպերատոր՝ էլեկտրոնային փողի միջոցով կամ բանկեր)։

Նշվում է, որ ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կարող է տեղեկանալ առցանց եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ և բացված պատուհանում մուտքագրել կենսաթոշակառուի անձնական տվյալները։

Կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ վճարող կազմակերպությունը, այդ թվում՝ վերը նշված ծրագրային մոդուլի կիրառմամբ ընտրված վճարող կազմակերպությունը, փոխելու համար։

Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, ինչպես նաև 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները կարող են կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում