Սպորտ

Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց 2021թ-ի 10 լավագույն մարզիկներին

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց 2021թ-ի 10 լավագույն մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրեց 2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներին:

«Գիտեք, որ 2021 թվականին, մենք բոլորս հաղթանակների կարիք և անհրաժեշտություն կրկնակի անգամ ավել ունենք: Այն սոցիալ-հոգեբանական վիճակում, որ հաստատվել է Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո, մարզական ելույթներն առավել կարևորություն են ստանում: Մեր ռազմավարական ընկալումն այնպիսին է, որ սպորտը երկրի զարգացման կարևոր շարժիչ ուժն է: Մարզական ասպարեզում արձանագրած հաջողությունները բերում են տնտեսական հաջողությունների, բարձրանում են երկրի ճանաչելիությունը, բարձրանում է երկրի տնտեսական գրավչությունը: Մարզական հաջողություններն ընդլայնում են երկրի դիվանագիտական հնարավորությունները, քանի որ նրանք բարձրացնում են երկրի միջազգային վարկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզիկների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ մեծ սպորտում գրանցված հաջողություններն իրենց հետևից ավելի ու ավելի շատ մարդկանց են մղում զբաղվել սպորտով:

«Մեծ սպորտում մեր ունեցած հաջողությունները կարևոր են մեր պետական, ազգային հպարտության համար, ուժերի նկատմամբ մեր վստահությունը վերականգնելու, մեծացնելու համար»,-առանձնացրեց Վարչապետը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում առանձնացրեց, որ անցնող տարում մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 199 մեդալ: «Երբ ընտրվում էր լավագույն տասնյակը, մեծ խնդրի առաջ էին կանգնած մարզական լրագրողները և ազգային թիմերի մարզիկները: Այս տարի 10-յակում տեղ չունեցան Եվրոպայի երկու չեմպիոն: Ահա այսպիսի հաջող տարի էր 2021 թվականը»,-ասաց Գիլոյանը:

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների անունները: Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝ Ալեքսանյան Արթուր, Ամոյան Մալխաս, Բաչկով Հովհաննես, Դավթյան Արթուր, Լալայան Վարազդատ, Դանիելյան Էլինա, Հարությունյան Արսեն, Մարտիրոսյան Սիմոն, Մինասյան Գոռ, Չալոյան Դավիթ:

Մարզիկները ՀՀ վարչապետից անձամբ ստացան 5 միլիոն դրամ պարգևավճարի հավաստագիրը: Պարգևատրմանը ներկա չէր շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթող Էլինա Դանիելյանն, ով այս օրերին Վարշավայում մասնակցում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում