Տեղի ունեցավ չինարեն ուսուցանող և դասավանդող մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպանության կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող չինարեն ուսուցանող և դասավանդող մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը՝ իր ողջույնի խոսքում Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում չինարենի ուսուցումը հաղթահարել է համաճարակը և տվել դրական արդյունքներ:

Դեսպանի խոսքով՝ ազգերի միջև բարեկամությունը մարդկանց մտերմության մեջ է, իսկ մարդկանց մտերմությունը՝ սրտերի հաղորդակցության: Այդ առումով մեծ դեր է խաղում լեզուն՝ որպես մարդկային հաղորդակցության կամուրջ և մարդկային քաղաքակրթության կրող:

«Չինարենը եզակի լեզու է, որը պահպանում է չին ազգի մշակութային ինքնությունը և չին մշակույթը: Ե՛ւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ե՛ւ Հայաստանի Հանրապետությունը հին քաղաքակրթություններ են՝ երկար պատմությամբ և հոյակապ մշակույթներով: Երկու կողմերի միջև բարեկամական կապերի փոխանակումների պատմությանը կարելի է հետևել դեռևս հին մետաքսի ճանապարհի ժամանակներից: Չինարենին տիրապետելը կարող է ոչ միայն օգնել երկու ժողովուրդներին կառուցելու հաղորդակցության կամուրջ, այլ նաև ավելի հասկանալու Չինաստանի անցյալը, ներկան և ապագան, ինչպես նաև զարգացնելու երկու ժողովուրդների միջև փոխադարձ ուսումն ու փոխըմբռնումը», - ասաց դեսպան Ֆան Յոնգը:

Անդրադառնալով հայ-չինական բարեկամական և համագործակցային հարաբերություններին՝ չին դիվանագետը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև մշակութային փոխանակումները շարունակաբար խորացել են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունը գնալով բարելավվում է: Ըստ դեսպանի՝ երկու երկրների համատեղ ջանքերով չինարենի ուսուցումը Հայաստանում մեծ վերելք է ապրում, իսկ Երևանի Բրյուսովի անվան համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի և Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսանողների և աշակերտների թիվը շարունակաբար աճում է: Դեսպանի հաղորդած տվյալներով Կոնֆուցիոսի դասարաններում գրանցվել է ավելի քան 3000 ուսանող, և ուսուցման տարբեր փուլերում ուսուցման որակը ավելի է բարելավվել:

«Ավելի ու ավելի շատ հայ ուսանողներ և աշակերտներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի Չինաստան և չին մշակույթ, իսկ հայ հասարակության մեջ աճ է նկատվում չինարենի և չին մշակույթի ուսումնասիրության ոլորտում», - ընդգծեց Չինաստանի դեսպանը:

Եվ քանի որ 2022 թվականին լրանում է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը՝ Չինաստանի դեսպանը այդ առիթով շեշտեց, որ հայ-չինական բարեկամական և համագործակցային հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, և հավելեց, որ Չինաստանն էլ, գտնվելով պատմական նոր սկզբնակետում, պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ շարունակելու նպաստել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ողջունելով Չինաստանի դեսպանին և մասնակիցներին, շեշտեց միջոցառման կարևորությունը և դրա խորհրդանշականությունը:

«Այսօրվա միջոցառումը ևս մեկ անգամ խոսում է հայ-չինական բարեկամության մասին, և համագործակցության մեր բոլոր նախաձեռնությունները իրապես հասնում են իրենց արդյունքին: Նման համագործակցությամբ մենք կարողանում ենք ոչ միայն զարգացնել չինարենի ուսուցումը Հայաստանում, այլև ստեղծում ենք նպաստավոր պայմաններ՝ բարձրացնելու նրա գրավչությունը և ստեղծելու թե՛ համագործակցության, թե՛ տարբեր տեսակի ծրագրեր իրականացնելու նոր հեռանկարներ», - նշեց ԿԳՄՍ նախարարության պաշտոնյան:

Չինաստանի դեսպանատունն այս կարևոր իրադարձությունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին: Մրցանակակիրների պարգևատրման արարողությանը ամեն տարի անհամբեր սպասում են չինարեն դասավանդող ուսուցիչներ և չինարեն ուսուցանող ուսանողներն ու աշակերտները: Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին նաև բազմաթիվ ուսումնական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ:

Այս տարվա հունիսին Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ նաև տեղի էին ունեցել Հայաստանում «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի ուսանողական 8-րդ և դպրոցական 6-րդ փուլերը:

Հայերեն

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը