Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 21-ի եւ 22-ի ընթացքում տեղացած ձյունը որոշակի դժվարություններ է առաջացրել տրանսպորտային երթեւեկության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումները Սեւանում կազմել են մինչեւ 35 սանտիմետր, Մարտունիում եւ Ճամբարակում՝ 5-10, Գավառում՝ 2-3 սանտիմետր։ Վարդենիսի տարածքում ձյուն չի տեղացել։

Ճանապարհաշինարարները ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ իրականացրել են ողջ գիշերվա ընթացքում, դեկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ էլ դրանք շարունակվում են։ «Կազմակերպված աշխատանքի արդյունքում ապահովվել է ճանապարհներ անցանելիությունը, դեկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ մաքրման եւ մշակման աշխատանքներն ավարտված են միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին, այժմ դրանք շարունակվում են մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։ Որոշ տեղերում աշխատանքներին խանգարում է բուքը, ճանապարհները դեռ պատված են ձյան կամ մերկասառույցի շերտով։ Դժվարանցանելի է միայն Վարդենյաց լեռնանցքը, որտեղ եւս ձեռնարկվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն