ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ուսումնասիրել և քննարկել է ոստիկանության 4 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշել է դիմել ոստիկանության պետին՝ 4 ծառայողի նկատմամբ «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժ կիրառելու առաջարկով։
Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցել են հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերը, ոստիկանության շտաբի պետի տեղակալը, իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: