Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով գտնվել են Հաագայում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում:
Այցի նպատակն էր ապահովել լավագույն փորձի փոխանակումը զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, իրավախախտումների քննության, զինծառայողների իրավունքների պաշտպանության ներքին և արտաքին մեխանիզմների, զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խտրականության, ոտնձգությունների դեմ պայքարի և զինվորական ծառայության մեջ նրանց ավելի լայն ներգրավվածության խթանման հարցերում:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել Նիդեռլանդների պաշտպանության նախարարության, Ազգային օմբուդսմանի հաստատության, Կառավարության գործակալի գրասենյակի, Ռազմական դատարանի, Զինվորական դատախազության, Ռազմական ոստիկանության, Ռազմական օմբուդսմանի (Գլխավոր տեսուչի) հաստատության և Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել է միջազգային լավագույն փորձը զինծառայողների և վետերանների իրավունքների պաշտպանության ու խթանման, արտոնությունների տրամադրման, հոգեբանական աջակցության, բարեվարքության ամրապնդման, առողջության պահպանման, զինծառայողների մեջ առաջնորդի հատկանիշներ ձևավորելու և զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այցը կարևոր նշանակություն ուներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի կարողությունների զարգացման տեսանկյունից: