Քաղաքականություն

Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար՝ բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Ազգային ժողովից:

ԱԺ փոխնախագահը երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանն ու պատվիրակությունների համատեղ աշխատանքին:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ շուտով կկազմավորվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունները և առաջիկայում կմասնակցեն վեհաժողովների նիստերին:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա գործունեությանը, կարևորել խորհրդարանական հանձնաժողովների համատեղ աշխատանքը, խոսել իշխող կուսակցությունների միջև կապերի ընդլայնման մասին:

2022 թվականին լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կողմերը քննարկել են նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների օրակարգին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում