Մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով. Սերգեյ Սմբատյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահ է՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը պայքարով ու նվիրումով նվաճված հասցե է, որով հայ ազգի տունն անշփոթելի է դառնում աշխարհի մեծության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորելով Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը, դիրիժորը նշել է. «Այստեղ հայ ազգը գրում, նկարում, նվագում, կառուցում է այն մշակույթը, որը մեր ինքնության նյութն է։ Մեր մշակույթը հարյուրամյակներ ի վեր ստիպված է եղել իր տեղը գտնել այլ մշակույթների ստվերում, և միայն Հայաստանի անկախության լույսի ներքո կարողացավ աշխարհին երևալ իր ամենաինքնուրույն կերպարով»:

Նրա խոսքով՝ մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով, և յուրաքանչյուրիս գործն իր հերթին իմաստավորվում է անկախության գիտակցմամբ։ «Մեր գործը մենք պատվախնդրորեն կատարում ենք երաժշտության լեզվով և աշխարհի համար այդպես թարգմանում մեր ինքնությունը։ Սա մեր անվերջ պարտքն ու երախտիքն է հայրենիքի անկախության համար վճարած թանկ գնի դիմաց։ Այդ պարտքը յուրաքանչյուրը կրում է իր ձևով։ Աստված օրհնի Հայաստանը: Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախությունը»,- եզրափակել է Սմբատյանը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:

Հանրաքվեն անցկացվել է խորհրդային ընտրական օրենսգրքով և անցել ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները