Իրանը և աշխարհը. Երևանում բացվեց պարսկերեն վիմագիր արձանագրություններին վերաբերող ցուցահանդես

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրանի վիմագիր արձանագրություններն աշխարհում» խորագրով ցուցահանդեսում ներառվել է տասը լուսանկար, որոնցում ներկայացված են պարսկերեն վիմագրեր պարունակող տարբեր մշակութային հուշարձաններ Տանզանիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Չինաստանում և Արցախում՝ Շուշիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին Մատենադարանում: Լուսանկարների հեղինակը ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի հետազոտության բաժնի պրոռեկտոր Մոռթեզփա Ռեզվանֆարին է, որը շրջում է աշխարհում, գտնում այն պատմամշակութային հուշարձանները, որոնք պարսկերեն վիմագրություններ ունեն, ուսումնասիրում, թարգմանում և լուսանկարում է դրանք: Նա ներկա էր միջոցառմանն ու սիրով պատմեց «Իրանի վիմագիր արձանագրություններն աշխարհում» ծրագրի մասին:

Մոռթեզփա Ռեզվանֆարին շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալվելը: Նրա խոսքով՝ Իրանում հայերին չեն տարանջատում իրանցիներից և հայերի հետ հաղորդակցվելը պատվաբեր են համարում, քանի որ Իրանի հայկական համայնքը տաղանդավոր է, մշակութային կորիզ ու քաղաքակրթության կրող է:

Անդրադառնալով իր հետազոտություններին՝ Ռեզվանֆարին ասաց, որ լուսանկարների մի փոքր մասն է ներկայացված: «Տասը տարվա ընթացքում Չինաստանից մինչև Աֆրիկա, Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներ այցելել եմ, փորձել եմ գտնել պարսկերեն արձանագրություններ պարունակող բոլոր ճարտարապետական կառույցները և, մասնագիտորեն ուսումնասիրելով, թարգմանել եմ դրանք: Մտադիր եմ մեկ ատլասի տեսքով ներկայացնել Իրանի մշակույթն աշխարհում, այդ մշակույթների երկխոսությանը նպաստող քայլեր ձեռնարկել»,-շեշտեց նա:

Խոսելով արձանագրությունների բովանդակության մասին՝ Մոռթեզփա Ռեզվանֆարին հիշեցրեց, որ իսլամում արգելված են եղել մզկիթներում, սրբավայրերում քանդակների և այլ տեսքով աստվածային պատկերները, ուստի սրբավայրերում տեղ է գրավել վիմագրությունը: Այն սուրբ արվեստ է համարվում, քանի որ ներկայացնում է Աստծո խոսքը:

«Եղել են նաև բաղնիքներ, այլ հաստատություններ, որոնց պատերին պահպանվել են գրություններ, սակայն ժամանակի ընթացքում դրանք վերացել են, բայց հատկապես իսլամի հոգևոր առաջնորդների դամբարաններում, մզկիթներում գրությունները խնամքով են պահպանվել: Նյութն այդ կոթողներից ենք հիմնականում քաղել»,- ասաց մասնագետը:

Մոռթեզփա Ռեզվանֆարին պատրաստվում է ծրագրում ներառել նաև Հայաստանը՝ համագործակցելով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:

«Ինձ կաջակցեն, որ կարողանամ ծանոթանալ, թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնույթ կոթողներին: Մզկիթներում, անգամ Երևանի թանգարաններում գրություններով սալիկներ կան, ինչպես նաև դամբարաններ, պաշտոնական գրություններ ևս պահպանվել են: Տարածաշրջանում շատ տարածված է եղել պարսկերենը: Ուսումնասիրության ոլորտն ընդգրկուն է: Հույս ունեմ, որ կհասցնեմ հնարավորինս լավ ծանոթանալ բազմաշերտ կոթողներին»,- եզրափակեց հյուրը:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները շատ խորն են: Նրա խոսքով՝ նման միջոցառումների կազմակերպումը նպաստում է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք մշակութային, քաղաքակրթական ժառանգությանը, որի հանրահռչակումը կնպաստի ժողովուրդների միջև երկխոսության, խաղաղության ու անվտանգության հաստատմանը:

«Իրանը և Հայաստանը, ունենալով պատմամշակութային անցյալ, կարող են լինել առաջնագծում ու առաջնորդել բոլոր երկրներում նման հարաբերությունների զարգացմանը»,- ասաց դեսպանը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծեց, որ սեպտեմբերի 9-ին ցուցահանդեսի միջոցով կազմակերպել են ծրագրի շնորհանդեսը, սակայն առաջիկայում նախատեսում են երեսուն լուսանկար ցուցադրել՝ համագործակցելով այլ հաստատության հետ:

Միջոցառումը կյանքի է կոչվել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի համագործակցության արդյունքում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский Türkçe

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները