Հասարակական

Էլեկտրոնային եղանակով ծանուցումն այսուհետ կիրականացվի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով. ՊԵԿ

3 րոպեի ընթերցում

Էլեկտրոնային եղանակով ծանուցումն այսուհետ կիրականացվի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ նախատեսվում է հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով: Իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողն անձնական էջ մուտք չգործելու դեպքում, այն իրականացվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը կիրազեկվի հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքով նախատեսված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին: Մասնավորապես, հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր):

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին իրազեկում է, որ 2021թ. հուլիսի 23-ից գործարկվել է Օրենսգրքով սահմանված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով ծանուցման մեխանիզմը: ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից իրականացվող չվճարված հարկային պարտավորությունների գանձման և հարկ վճարողի գույքի արգելանքի կիրառման վարչական վարույթների ծանուցումներն իրականացվում են Օրենսգրքի պահանջներից ելնելով՝ էլեկտրոնային եղանակով։

Ուստի, վարչական վարույթների բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու և վարչական վարույթների վերաբերյալ հարկ վճարողների տեղեկացված լինելու նպատակով, կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պարբերաբար հետևել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում