ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին. Շառլ Միշել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի տրամադրման որոշումը և նշել, որ այն նոր խթան կհանդիսանա մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի ակտիվ իրագործմանը, ինչպես նաև տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկայումս ՀՀ կառավարությունը ԵՄ գործընկերների հետ աշխատում է նախատեսվող ծրագրերի օրակարգի մշակման և դրանք արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և վերահաստատել այն խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում իր հնչեցրած առաջարկությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում ավելի ինտենսիվ կերպով հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության փաստը, որը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների ամբողջական վերադարձի ապահովումը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին: ԵԽ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի օժանդակության փաթեթն ուղղված է խորքային բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացմանը: Նա նկատել է, որ փաթեթով նախատեսվող միջոցառումների շրջանակի իրականացման ուղղությամբ Հայաստանն ունի լայն ներուժ և ԵՄ-ն պատրաստ է նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերել այդ հարցում: «ԵՄ-ն պատրաստ է աջակից լինել Ձեր երկրին՝ առաջնահերթությունները լայն թափով կյանքի կոչելու համար»,- ասել է Շառլ Միշելը:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2021 թվականի ապրիլի 13-ի հայտարարությունը, դրանով նախանշված սկզբունքները, որոնց շրջանակում էլ պետք է տեղի ունենա հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Զրուցակիցները կարևորել են բանակցությունների հնարավորինս արագ վերականգնումն ու հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատումը:

Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ռազմագերիների վերադարձի ապահովումը, հրաժարումը ագրեսիվ հռետորաբանությունից, տարածաշրջանի ապաշրջափակումը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ևս իր հերթին պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը և հավելել, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ բազմաթիվ հայկական մշակութային կոթողներ ոչնչացրել ու ձևախեղել է:

Այս համատեքստում, Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ դերակատարությունը և հետևողական աշխատանքը:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի նախագահին՝ Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ ցուցաբերվող մեծ և շարունակական ուշադրության համար:

Հայերեն العربية English Français Русский

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս