Եվրոպա

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը հանդիպում է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը հանդիպում է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Շառլ Միշելը հանդիպմանը նշել է, որ ԵՄ-ն հույս ունի լուծել կողմերի միջև առկա խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Նա նաև հույս է հայտնել առաջ մղել ԵՄ-Չինաստան տնտեսական և առևտրային հարաբերությունները։ 

Իր հերթին Լի Ցյանը հայտնել է, որ Չինաստանի իշխանությունները պատրաստ են ուժեղացնել Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ 

«Հաջորդ տարի Չինաստանը և ԵՄ-ն կնշեն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 50-րդ տարին։ Չինական կողմը պատրաստ է Եվրամիության հետ մեկտեղ օգտագործել դա որպես հնարավորություն մեր երկկողմ հարաբերություններում կայուն դրական դինամիկայի ուժեղացման,  ռազմավարական փոխգործակցության մեծացման, փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար», - ասել է Լի Ցյանը։

Նա նշել է, որ աշխարհում տեղի են ունենում խոշոր փոփոխություններ, ուստի չին-եվրոպական հարաբերությունների կայուն և հաստատուն զարգացումը «համապատասխանում է միջազգային հանրության ակնկալիքներին»։

Լի Ցյանը նաև հիշեցրել է, որ Չինաստանը եվրոպական կողմի առանցքային գործընկերն է էկոլոգիապես մաքուր էներգետիկ նախագծերի իրականացման գործում։ 

«Հուսով եմ, որ ԵՄ կառույցները ճիշտ կընկալեն Չինաստանի զարգացումը, կվարեն օբյեկտիվ և ռացիոնալ քաղաքականություն նրա նկատմամբ», - եզրափակել է Չինաստանի վարչապետը:

Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Լաոսում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի շրջանակներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում