Եվրոպա

ԵՄ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ. Շառլ Միշել

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ. Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ցանկանում է խորացնել կապերն ԱՄՆ-ի հետ, բայց միևնույն ժամանակ ավելի մեծ չափով լինել իր ճակատագրի տերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ժամանելով  Բուդապեշտ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նա այս մասին խոսել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։

«Կա կարևոր սկզբունք. մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերն ԱՄՆ-ի հետ, որովհետև մենք ընդհանուր շատ բան ունենք: Բայց մենք նաև ցանկանում ենք ավելի շատ լինել մեր ճակատագրի տերը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Միշելի խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է «ավելի ազդեցիկ լինել, ցանկանում է ուժեղացնել տնտեսությունը»։ 

«ԵՄ-ի կողմից մենք պատրաստ ենք խորացնելու մեր կապն ԱՄՆ-ի հետ՝ հիմնված այն գաղափարի վրա, որ մենք պետք է գործենք որպես հարգող և  հարգված գործընկեր, որ մենք պաշտպանում ենք ՄԱԿ-ի համակարգը, միջազգային իրավական կարգը: Ուստի ես համոզված եմ, որ մենք երկխոսություն կունենանք ԱՄՆ վարչակազմի հետ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք գտնել ԱՄՆ-ի հետ ամենառացիոնալ կերպով փոխգործակցելու եղանակը», - հավելել է նա։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա, Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսքով, ԵՄ-ն կշարունակի օգնել Կիևին։ 

«Մենք հստակ դիրքորոշում ունենք՝ ցանկանում ենք ուժեղացնել Ուկրաինան, քանի որ Ուկրաինայի ուժեղացումը նշանակում է ԵՄ-ի ուժեղացում», - ասել է նա։

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ 44 երկրների մասնակցությամբ։ Այս ձևաչափը Բրյուսելի կողմից սկզբնապես ստեղծվել է որպես Ռուսաստանին հակազդելու գործիք։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում