Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ կոչ է արել ՀՀ ԱԺ հունիսի 20-ին անցկացվելիք արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հայտարարության մեջ նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։

Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո:

Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որևէ քաղաքական ուժի կամ գործչի։

Անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի են իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։

Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։

Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։

Այս ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության ու ժողովրդի համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը:

Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։

Հաջողություն և ամենայն բարիք...»:

Հայերեն العربية English Français Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է