Ռուսաստանի օրվա առթիվ Ռուսական տունը Երևանում անակնկալ է մատուցել 98-ամյա արցախցի վետերանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օրվա կապակցությամբ Երևանի Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվո») «Հաղթանակի 75-ամյակը» մեդալը հանձնել է Հայրենական Մեծ պատերազմի 98-ամյա արցախցի վետերան Սուրեն Իշխանյանին, որը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է իր տունը Հադրութի շրջանի Ջրակուզ գյուղում և այժմ ապրում է Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանում Ռուսաստանի տան մամուլի ծառայությունը:

Հայրենական Մեծ պատերազմի արցախցի վետերանները չճանաչված հանրապետության կարգավիճակի պատճառով զրկված են եղել հոբելյանական մեդալներ ու վճարումներ ստանալու հնարավորությունից: «Հարազատ մարդիկ են եկել»,-այս խոսքերով ողջունել է վետերանը Երևանի Ռուսական տան աշխատակիցներին և ՀՀ վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանին:

Սուրեն Իշխանյանի համար Հայրենական Մեծ պատերազմը սկսվել է 1942 թվականի սեպտեմբերի 17-ին: Տագանրոգում նա ծանր վիրավորվել է գլխի և աչքի շրջանում: Երկար բուժվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ մնացել է մինչև 1945 թվականի նոյեմբերը: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով, ունի այդ տարիների լուսանկարներ, բայց ամեն ինչ մնացել է Հադրութի ընտանեկան տանը:

2020 թվականի հոկտեմբերին, երբ բոլորն ստիպված են եղել լքել Հադրութը, Սուրեն պապը հրաժարվել է թողնել իր տունը, ասել, որ նա արդեն բավական ապրել է և ցանկանում է մահանալ իր տանը: Երեխաները, թոռները և ծոռները շատ են անհանգստացել պապի համար և մի գիշերվա ընթացքում համոզել են նրան և տեղափոխել Երևան: Այժմ վետերանն ապրում է իր որդի Ռուսլանի փոքրիկ բնակարանում: «Բայց գլխավորն այն է, որ մենք բոլորս միասին ենք», - նշել է Ռուսլանը:

Սուրեն պապը արցունքներն աչքերին հավելել է. «Ես դուրս եկա այս վերնաշապիկով և տաբատով, գրպանումս մենակ անձնագիրս էր... Ամեն ինչ այնտեղ մնաց ...»: Մնացել են ոչ միայն հայրական տունը և այգին, այլև ընտանիքի դարավոր պատմությունը՝ լուսանկարները, պապի, հոր, մոր, կնոջ գերեզմանները: Նախքան Երևան տեղափոխվելը Սուրեն պապը ապրել է Ջրակուզում միայնակ, այգին է խնամել, ֆուտբոլ է խաղացել հյուր եկած ծոռների հետ: Երևանում՝ բնակարանում, Սուրեն պապը շատ է տխրել: Վերջերս ընկել և կոտրել է կոնքոսկրը: Սուրեն պապին վիրահատել են, բայց կարը դժվարությամբ է լավանում, ուստի երեխաներն ու թոռները երեք օրը մեկ նրան հիվանդանոց են տանում՝ հավատալով, որ ոտքի կկանգնի, սակայն պապն ասում է. «Օդ, ինձ այստեղ օդը չի հերիքում»: Նա լավ է հիշում պատերազմը՝ բոլոր պատերազմները, որոնք տեսել է կյանքի ընթացքում: Չնայած տարիքին՝ լավ հիշողություն ունի: Երիտասարդ սերնդին ցանկանում է խաղաղ ապրել, ազնիվ աշխատել, հարգել միմյանց:

«Երևանի Ռուսական տունը շարունակվում է իր՝ ժամանակավորապես տեղահանված անձանց մարդասիրական աջակցության նախագիծը: Մոտ ապագայում մենք կայցելենք մեկ այլ արցախցի վետերանի», - շեշտել է Երևանի Ռուսական տան մարդասիրական ծրագրերի համակարգման առաջատար մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

Վետերանի ընտանիքին սննդի փաթեթներ և դրամական աջակցություն է տրամադրվել նաև Հայաստանում գտնվող ռուս զինվորականների ընտանիքներից և այլ բարերարներից:

Հայերեն

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել է ուսուցողական արշավ

Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ