Ձեր շնորհիվ կյանքեր փրկվեցին և առաջնագծում, և դրանից հեռու. Նախագահը պարգևատրեց բուժաշխատողներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի և պատերազմի ընթացքում կատարած անձնվեր աշխատանքի համար առողջապահության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանի նախագահի նստավայրում մայիսի 24-ին պարգևատրվեցին ՀՀ շքանշաններով ու մեդալներով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը, Առողջապահության նախարի նախկին տեղակալ Շավարշ Գևորգյանը, բժիշկ-համաճարակաբան Լուսինե Քոչարյանը և այլք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պետական պարգևները բուժաշխատողներին հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահն իր ելույթում մեծ ուրախությամբ արձանագրեց, որ պարգևատրվածների շարքերում շատ են և ուսանողները, և շտապօգնության աշխատակիցները:

«Սիրելի և հարգելի բուժաշխտողներ, ուրախ եմ ողջունել ձեզ Նախագահի նստավայրում: Այս արարողությունը թերևս պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ, սակայն և համավարակը, և պատերազմը իրենց հետևանքներով շատ ու շատ ծրագրեր խառնեցին, ոչ միայն ձեր, իմ, այլ նաև ժողովրդի: Սակայն ոչ կորոնավիրուսը, ոչ էլ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա, ավելի ճիշտ դրանք ավելի ընդգծեցին ձեր կարևոր ներկայությունը մեր բոլորի կյանքում: Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին առաջնագծում և դրանից հեռու` հիվանդանոցում, հոսպիտալում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում, մեր տղաների և աղջիկների կյանքերը»,- ընդգծեց նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով` բուժաշխատողներից ոմանք միաժամանակ թե համավարակի դեմ էին պայքարում, և թե պատերազմական գործողությունների կիզակետում էին, որի մասին ինքը գիտի և շատ բարձր է գնահատում:

«Ցավոք, համավարակը, պատերազմը չխնայեցին նաև ձեր շատ գործըկերներին: Նրանք նվիրաբերեցին իրենք կյանքը հանուն մեկ ուրիշ անձի կյանքը փրկելու` ծանոթ ու անծանոթ կյանքը, զինվորի կյանքը, երեխայի, մեծահասակի կյանքը … »,- ավելացրեց նախագահը, առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում և համավարակի դեմ պայքարում զոհված և հանուն առողջության ու անվտանգության իրենց զոհաբերած բոլոր բուժաշխատողների հիշատակը:

«Հարգելի և սիրելի բուժաշխատողներ, դուք ունեք շատ տարբեր կենսագություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ, բայց ունեք միավորող մի ընդհանրություն` բոլորդ մարդկային կյանքեր եք փրկում և փրկում եք այս բառի ամենաուղիղ իմաստով` կյանք եք փրկում: Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի և առողջության: Այդ պայքարի ընթացքում դուք հաճախ նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ, ձեր հարազատներին, ձեր ընտանիքները, և ձեր միակ հարազատը դառնում է ձեր հիվանդը, ձեր միակ մտահոգությունը՝ այդ հիվանդին փրկելը, նրան օգնելը, նրան առողջացնելը: Վստահ եմ`դուք շնորհակալության և երախտագիտության բազմաթիվ խոսքեր եք ստացել և շարունակելու ենք ստանալ: Ես միանում եմ այդ շնորհակալության խոսքերին: Շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր աշխատանքի, ձեր սրտացավության, ձեր նվիրվածության, ձեր հոգատարության համար: Իհարկե, որևէ գնահատականի խոսք չի կարող համարժեք լինել այն ամենին ինչ-որ դուք արել եք և անում եք այսօր»,- եզրափակեց նախագահը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը