Քաղաքականություն

Ձգտելու ենք առավելագույնին. Դավիթ Հարությունյանն անդրադարձել է «Պատիվ ունեմ» դաշինքի անելիքներին

3 րոպեի ընթերցում

Ձգտելու ենք առավելագույնին. Դավիթ Հարությունյանն անդրադարձել է «Պատիվ ունեմ» դաշինքի անելիքներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ձևավորել են Հայաստանի հանրապետական ու «Հայրենիք» կուսակցությունները, խորհրդարան անցնելու պարագայում պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժի հետ, որը հետապնդում է նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանը և զարգացնել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիրը ստորագրելուց հետո կայացած ճեպազրույցում այս մասին նշեց դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Ում հետ կկազմվի կոալիցիա, կախված է անշուշտ ընտրությունների արդյունքից: Ամեն դեպքում պետք է նշեմ, որ մենք չունենք քաղաքական ամբիցիաներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ՀԱԿ-ի հետ համագործակցություն հնարավո՞ր է՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ոչինչ չեն բացառում, միայն բացառում են համագործակցությունը կեղծ ընդդիմության հետ, որոնք ուղղված են ձայների փոշիացմանը:

Անդրադառնալով նախընտրական ցուցակի հետ կապված հարցին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն կհրապարակվի շատ շուտով: Այն կազմվել է արդյունավետությունից ելնելով: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ երկու կուսակցություններն ունեն այնքան մեծ պոտենցիալ, որ կարող էին հանգիստ կազմել 10 միմյանց չկրկնող ցուցակ:

Հարցին, թե ինչու «Պատիվ ունեմ» դաշինքը չհամագործակցեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և չկազմեցին նրա գլխավորած դաշինքի մաս, Դավիթ Հարությունյանը նշեց, որ, ըստ էության, իրենց նպատակները նույնն են՝ անվտանգ և զարգացող Հայաստան, սակայն կա մոտեցման տարբերություն:

«Ամեն դեպքում կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են: Դա ամենևին չի նշանակում, որ մենք չենք համագործակցում, մենք համագործակցելու ենք, ուղղակի առաջարկում ենք ընտրողներին այլընտրանք»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ բազմիցս խոսել է ՀՀԿ-ի գործիչների ունեցվածքի մասին՝ նշելով, որ դրանց հետ կապված հարցերը պետք է բացահայտվեն, արդյո՞ք, ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելով, հակասություն չկա Արթուր Վանեցյանի գործողություններում: Լրագրողի հարցին ի պատասխան Դավիթ Հարությունյանը պարզաբանեց. «Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ նպատակները վեհ են, հավատացել է այն շրջանառվող կեղծ լուրերին, որոնք իրեն հրամցվում էին, սակայն շատ արագ հասկացել է, որ դրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում, ճնշել ընդդիմախոսներին և կանգ է առել, ավելին՝ նա կոչ է արել դադարեցնել այդ մոտեցումը»:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում իրենց շանսերին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք ձգտելու են առավելագույնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում