Տոկիո-2020. Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ դու ավելի շատ ինքդ քո դեմ ես պայքարում. Արթուր Դավթյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում կունենա միայն մեկ մարմնամարզիկ: Այդ մեկը` Եվրոպայի նորընծա չեմպիոնԱրթուր Դավթյանն է: Նա օլիմպիական հավաքականի հնաբնակներից է: Նրա համար Տոկիոյի խաղերը կլինեն երրորդը` Լոնդոն-2012, Ռիո-2016: Դավթյանն այն մարզիկներից է, ով հավակնոտությամբ է մեկնելու Տոկիո: Արթուրի առաջնային գործիքը հենացատկն է: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք նրան: Հայաստանի մարմնամարզության հավաքականն այն բացառիկ թիմերից է, որն ունեցած պայմանները հաշվի առնելով` ամեն անգամ գերազանցում է ինքն իրեն: Հավաքականի թիմի հիմնասյուներից մեկը թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է, ով 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում կլինի մրցավարական կազմում:

-Արթուր, պատմեք խնդրեմ, թե ե՞րբ առաջին անգամ մուտք գործեցիք մարմնամարզության մարզադահլիճ: Ե՞րբ սկսվեց այս ճանապարհը:

-5 տարեկան էի, երբ ծնողներս ինձ առաջին անգամ բերեցին մարմնամարզության: Երբ փոքր էի, չէի ուզում մարզվել, ցանկություն չկար հաճախելու մարմնամարզության: Ինչ ինձ հիշում եմ, լացելով եմ եկել մարզումներին: Երեխա ժամանակ շատ ճարպիկ էի, շարժուն: Ընտանիքում չկա մեկն, ով զբաղվել է մարմնամարզությամբ, սակայն հայրս մարզասեր է:

-Ի՞նչ կարևորություն ունի մարզիկի համար Օլիմպիական խաղերի մասնակցությունը:

-Բոլոր մարզիկների համար Օլիմպիական խաղերին մասնակցելը երազանք է: Մասնակցությունն ինքնին արդեն մեծ բարդությունների հետ է կապված` դժվար է վարկանիշ նվաճելը: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցում ես այն դեպքում, երբ հավաքականի կազմում ես:

-Արթուր, սա ձեր երրորդ Օլիմպիական խաղերն են: Արդյո՞ք հասունացել է պահը մեդալ նվաճելու:

-Այս Օլիմպիական խաղերին ես այլ կերպ եմ նախապատրաստվելու: Առավել լուրջ, առավել կենտրոնացած: Հիմա ավելի բարձր եմ գնահատում շանսերս, քան 2012 և 2016 թվականներին: 2012 երիտասարդ էի, անփորձ, և վարժություններս չունեին այն բարդությունը, ինչ կա այժմ: Ռիո դե Ժանեյրոյի խաղերին վատ կատարեցի երկրորդ ցատկս: Բայց այնտեղ ունեի հնարավորություն եզրափակիչ դուրս գալու: Իմ վարժության դժվարությունն այն է, որ թռիչքից հետո կարողանամ նորմալ կանգնել և քայլ չանել, եթե անգամ անում ես, հնարավորինս փոքր քայլ: Իմ նախնական վարժությունը ինքին շատ բարդ է: Ամեն ինչ հնարավոր է: Մարմնամարզությունում ամենափոքր քայլն անգամ առաջին տեղից կարող է գցել չորրորդ տեղ:

-Ինչ է ձեր մտքին գալիս, երբ լսում եք Տոկիո-2020 բառերը:

-Այն, որ խաղերը մեկ տարի հետաձգվեց: Համաճարակն է գալիս մտքիս: Բայց ինձ համար այս հետաձգումը դրական էր, քանի որ անցած տարի վնասվածք ունեի և շատ երկար ժամանակ բուժում ստացա: Հիմա վերականգնվել եմ, բուժվել: Հիմա կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա, ուզում եմ ուժերս լավ բաշխեմ: Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ դու ավելի շատ ինքդ քո դեմ ես պայքարում: Քո գործիքը սխալ թույլ տալ չի կարող, սա պայքար է քո հետ:

-Մարմնամարզիկների «կյանքը» երկար չէ: Որտե՞ղ եք ձեզ տեսնում 10 տարի անց:

-Կարծում եմ չեմ լինի գործող մարմնամարզիկ: Սակայն դեռևս չեմ մտածում այդ մասին, գուցե մարզիչ կաշխատեմ: Տեսնենք ինչպես կդասավորվի ամեն ինչ:

-Ո՞րն եք համարում ձեր ուժեղ կողմը որպես մարդ:

-Համբերատարությունը, որը շատ եմ կարևորում հատկապես մեր մարզաձևում:

-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Ասելիք գուցե շատ ունենայի, բայց նախ խաղաղություն կխնդրեի ամբողջ աշխարհի համար:

-Ինչպե՞ս կուզեիք, որ ձեզ հիշեին մարմնամարզությունում:

-Կցանկանայի, որ կրտսեր սերունդը ինչ-որ բան սովորեր ինձնից, որ նրանք առավել կատարելագործված մարզիկներ դառնային: Ավելի ուժեղ, քան մենք ենք:

-Եվ մի քանի բլից հարցեր: Թոմը, թե Ջերին:

-Ջերին:

-Պաղպաղակ, թե Պիցցա:

-Պաղպաղակ:

-Գիրք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Սուրճ, թե թեյ:

-Թեյ:

-Ազարյան, թե Շահինյան:

-Ազարյան, բայց երկուսն էլ լեգենդ են:

-Դոլմա, թե խորոված:

-Խորոված:

-Շնորհակալ եմ, զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

Նախագծի հեղինակ Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները Հայկ Մանուկյանի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 87 օր

Կարդացեք նաև

Տոկիո-2020. Կարևորը մրցակցի ուժեղ կողմերը հաշվի առնելն է. Վազգեն Թևանյան

Հայերեն

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ․ ի՞նչ գործառույթներ են իրականացնելու