Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Կարևորը մրցակցի ուժեղ կողմերը հաշվի առնելն է. Վազգեն Թևանյան

Տոկիո-2020. Կարևորը մրցակցի ուժեղ կողմերը հաշվի առնելն է. Վազգեն Թևանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենաերիտասարդ անդամներն ազատ ոճային ըմբիշներն են: Նրանցից մեկը` Վազգեն Թևանյանն է: Նա ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում: 21-ամյա Վազգենն ըմբշամարտով սկսել է զբաղվել Արտաշատում մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի գլխավորությամբ։ Նա համարվում է Հայաստանի ամենահեռանկարային ազատ ոճային ըմբիշներից մեկը: Մեր հարցազրույցի ընթացքում Վազգենը զուսպ էր իր պատասխաններում, մեղմ հումորով և անկեղծ: Նա համբերատար լսում էր լուսանկարչին և փորձում ստանալ այն, ինչին ձգտում էինք նախագծի շրջանակներում: Վազգեն Թևանյանը Հայաստանի օլիմպիական հույսերից մեկն է: Նա հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի շրջանակներում խոսել ենք Վազգեն Թևանյանի հետ:

-Վազգեն, պատմեք խնդրեմ, թե ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել ըմբշամարտով:

-Ըմբշամարտով սկսել եմ զբաղվել, երբ դեռևս 5 տարեկան էի: Ազատ ոճն ընտրել եմ ընկերներիս խորհրդով: Միայն հետագայում սկսեցի սիրել ազատ ոճի ըմբշամարտը: Մորեղբայրս Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է` ըմբիշ Արմեն Մկրտչյանը: Միշտ կապի մեջ ենք լինում միմյանց հետ, փորձով հաճախակի ենք փոխանակվում: Նա ինձ միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս:

-Կա՞ արդյոք մի ըմբիշ, ով օրինակ է քեզ համար, ում գոտեմարտերին առանձնակի ես հետևել:

-Որպես այդպիսին մեկը չկա, բայց շատ-շատերը կան, ումից ինչ-որ բան սովորել եմ: Այժմ էլ, գործող ըմբիշների մեջ կան մարզիկներ, որոնք լավագույնն են: Նայում, հետևում եմ բոլորին և սովորում եմ բոլորից:

-Մրցագորգ մտնելիս հաշվի ես առնում մրցակցի թույլ կողմերը, թե հույսդ դնում ես միայն քո ուժեղ կողմերի վրա:

-Իհարկե, թե թույլ, և թե ուժեղ կողմերը հաշվի եմ առնում: Սակայն առավել կարևոր է մրցակցի ուժեղ կողմերը հաշվի առնելը, որպեսզի ճիշտ մարտավարություն ընտրեմ:

-Գիտեմ, որ Ձեզ անվանակոչել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատվին: Ինչպես է ստացվել:

-Այո, անունս ի պատիվ Սպարապետի են դրել, քանի որ ծնվել եմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին (Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանության օրը-հեղ.): Հորեղբայրս և հայրս են նման որոշում կայացրել: Ինձ համար այն ոգեշնչման աղբյուր է:

      

-Ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Երբ առօրյայում լսում եք Տոկիո-2020 անունը, ինչ է ձեր մտքին առաջինը գալիս:

-Առաջին հերթին շատ ուրախ եմ, որ մասնակցելու եմ Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Ուրախ եմ, որ ես եմ Հայաստանը ներկայացնելու օլիմպիական մրցագորգում: Օլիմպիական խաղերը յուրաքանչյուր մարզիկի համար մեծագույն բարձունք են:

-Վազգեն, անդրադառնանք մրցակիցներին, որոնք ձեր քաշային կարգում քիչ չեն և մեծ հռչակ ունեն…

-Իմ քաշային կարգում կան որակապես շատ լավ մարզիկներ: Բոլորին, բոլորին լուրջ մրցակից եմ համարում, քանի որ մրցակիցներին թերագնահատել պետք չէ, ոչ մի դեպքում:

-Անկեղծորեն, իրատեսական եք համարում Օլիմպիական խաղերի մեդալների համար պայքարը:

-Այո, իհարկե: Կարծում եմ, այս գործում շատ կարևոր դեր ունի հավատը: Հավատը քո արած գործի նկատմամբ: Պետք է պարզապես հավատաս ինքդ քեզ, հավատաս ուժերիդ և ամենակարևորը պետք է լավ նախապատրաստվել Օլիմպիական խաղերին:

-Ձեր գոտեմարտերին հետևելով՝ ինձ համար մի քանի բան եմ առանձնացրել` հանգստություն, հավասարակշռություն: Ինչպես է ձեզ հաջողվում նման կերպ սառնասիրտ մնալ:

-Գոտեմարտերի ընթացքում շատ եմ կարևորում հանգստությունը: Իսկ ես հանգիստ եմ, սառնասիրտ, երբ լավ պատրաստված եմ, երբ տեսնում եմ մարզիչներիս հանգստությունը: Եվ ամենակարևորը, երբ տեսնում եմ նրանց հավատը, որ ես կարող եմ հաղթել ցանկացած մրցակցի:

-Մեր երկիրը դժվարին ժամանակներ է ապրում: Որքանո՞վ եք կարևորում Օլիմպիական խաղերում լավ մասնակցելն այս տեսանկյունից:

-Իսկապես որ կարևոր է Օլիմպիական խաղերում լավ մասնակցությունը: Գուցե մեր նվաճած մեդալներն ինչ-որ տեղ սփոփանք կլինեն ազգի համար:

-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

-Կարծում եմ միայն ու միայն շնորհակալ կլինեի:

-Եթե ոչ ըմբշամարտ, ապա ինչ

-Միայն ըմբշամարտ:

-Վազգեն, մի քանի բլից հարցեր ունեմ: Թոմը, թե Ջերին:

-Թոմը:

     

-Պաղպաղակ, թե Պիցցա:

-Պաղպաղակ:

-Գիրք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Սուրճ, թե թեյ:

-Սուրճ:

-Դոլմա, թե խորոված:

-Խորոված:

-Շախմատ, թե նարդի:

-Նարդի:

-Շնորհակալ եմ, զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով մի նոր զրույց կունենանք Տոկիոյում:

Նախագծի հեղինակ Վարվառա Հայրապետյան
Լուսանկարները Հայկ Մանուկյանի

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 94 օր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am