Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

Նամակունշված է. «Պարոն Նախագահ, Թանկագին Արմեն /ավելացված է ձեռագիր/,

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։

Կցանկանայի հույզերով և արժանապատվությամբ լի այս օրը լինել ձեզ հետ: Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանին խնդրել եմ ինձ ներկայացնել Երևանում Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ընթացքում։

Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։

Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։

Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։

Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը։

Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը։

Խորին հարգանքով՝ /ավելացված է ձեռագիր/

Էմանուել ՄԱԿՐՈՆ

Պարոն Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահ»։

Հայերեն العربية English Français Русский

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում