Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի 80 տոկոսը չի ուզում արտահերթ ընտրություններ

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի 80 տոկոսը չի ուզում արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ չնայած ընդդիմության հայտարարություններին, ընդդիմադիր դաշտի 80 տոկոսը չի ուզում, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նախ անդրադարձ կատարեց խորհրդարանական ընդդիմությանը՝ «Լուսավոր Հայաստան»-ին:

«Ես չեմ համարում, որ «Լուսավոր Հայաստան»-ը կողմ է արտահերթ ընտրություններին: Ես համարում եմ, որ ԼՀԿ-ն գտնում է, որ ընտրություններ պետք չէ անել, և գտնելու է բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ ուղղակի օգտագործելով այս ժամանակահատվածը` իր դիրքը կարևորելու համար»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ լավ գիտի նրանց գործելաոճը:

Սիմոնյանը վստահ է, որ «Լուսավոր Հայաստան»-ը և շատ ու շատ հիմնական ընդդիմադիր գործիչներ ու կուսակցություններ այսօր իրականում չեն ուզում արտահերթ ընտրություններ: «Գիտեն, որ արտահերթ ընտրություններով իրենցից շատերը, գրեթե մեծամասնությունը չեն հաջողելու: Ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերի 80 տոկոսը չեն ուզում արտահերթ ընտրություն»,-նշեց նա:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ընտրություն անելու իմաստը քաղաքական դաշտում կայունություն բերելն է: Ընտրության ժամկետների մասով հստակեցում չկա, քննարկում է տեղի ունենում: «Քննարկում է տեղի ունենում իմ կողմից նշված քաղաքական ուժերի հետ, և ուզում ենք, որ ժամկետները նաև նրանց համապատասխան լինեն»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ կան նաև ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր, որոնք պետք է լուծվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում