ԼՀԿ-ն առաջարկում է պայմանագրային զինծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը դարձնել 63

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգում կքննարկի «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել՝ 45-ի փոխարեն սահմանելով 63:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պատերազմից անմիջապես հետո մենք խնդիր ունենք պայմանագրային զինծառայողներով ավելի շատ համալրելու մեր բանակը, ԶՈՒ-ն: Եվ Կապանում, Գորիսում ապրող մեր հայրենակիցներից ստացել ենք առաջարկություն, որ օրենքի համապատասխան դրույթը, որի համաձայն՝ 45 տարեկանից հետո անհնար է շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը, փոփոխել ու ներկայացնել օրենքի նախագիծ, որով հնարավորություն տրվի բարձրացնել այդ շեմը: Մենք առաջարկում ենք շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը»,-ասաց Մարուքյանը:

Ընդ որում, նա նկատեց, որ բարձրագույն սպայական կազմի համար շեմը բարձր է: «Եթե մարդը գեներալ է, ուզում ենք պահել բանակում, բայց եթե, օրինակ, ենթասպա է, 45-ից հետո ասում ենք՝ զորացրվիր»,- նշեց Մարուքյանը:

Այսպիսով, նախագծով պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ողջունելով նախաձեռնության բարի միտումները, ներկայացրեց կառավարության առարկությունները: «Օրենքով զինծառայողների կազմի զինվորական ծառայության անցնելու սահմանային տարիքների նախատեսումը չի հանդիսանում բացառապես ՀՀ զինված ուժերին բնորոշ կարգավորում, այն ընդունված է աշխարհի բոլոր պետությունների ԶՈՒ-երում, հիմքում ունի զինվորական ծառայության կազմակերպման այնպիսի սկզբունքների ապահովման անհրաժեշտւթյուն, ինչպիսիք են անձի ֆիզիկական և առողջական վիճակի համապատասխանությունը զբաղեցրած կամ առավելագույն զբաղեցման ենթակա զինվորական պաշտոնին և զինվորական ծառայությունից բխող գործառույթներին, զինված ուժերի պատշաճ կադրային քաղաքականության իրականացումը… Բացի այդ, զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքների հետ անմիջական կապի մեջ է գտնվում ԶՈՒ-ի պահեստազորի համակարգը, որը ևս ձևավորված է պահեստազորայինների տարիքային սկզբունքով, ինչի հիման վրա զինծառայողը չի կարող զինվորական ծառայության մեջ գտնվել ավելի բարձր տարիքում, քան նախատեսված է պահեստազորում հաշվառման համար»,- ասաց Սարգսյանը:

Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվող փոփոխություններում նախատեսում են սահմանային տարիքների վերանայում՝ որոշակի բարձրացման միտումներով: Նրա խոսքով՝ ստեղծելու են ավելի ճկուն համակարգ:

Նախագիծը հանձնաժողովում քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հայերեն

Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից

«Նոր գիրք»-38/26. Սալնիկով, Բաքման, Թադևոսյան

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանի վրա նոր հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել