ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի իրավիճակը երկրում և կապահովի խաղաղության պահպանումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայում կայացած ներդրումային ֆորումում։
«Սիրիան, որը տեսել է այդքան տառապանք և մահ, այժմ ունի նոր կառավարություն, և մենք բոլորս պետք է հուսանք, որ այն կկարողանա կայունացնել երկիրը և պահպանել խաղաղությունը», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նա նաև Իրանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ահաբեկչական խմբավորումներին աջակցելը և ընտրել համագործակցության ուղին։
«Ես այստեղ եմ ոչ միայն դատապարտելու Իրանի առաջնորդների անցյալ գործողությունները, այլ նրանց նոր և ավելի լավ ճանապարհ առաջարկելու դեպի ավելի պայծառ ապագա: Մենք կարող ենք գործընկերություն ձևավորել, բայց նրանք չպետք է լինեն սադրիչներ և շարունակեն աջակցել ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլահին» և Հյուսիսային Եմենում իշխող «Անսար Ալլահ» շարժմանը»,- ընդգծել է Թրամփը: