«Երբ որ քամին հանդարտվի». Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որն ընդգրկվել էր Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում, արդեն իսկ Երևանի կինոթատրոններում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Լրագրողները հնարավորություն ունեցան դիտել ֆիլմն ու զրուցել կինոնկարի ստեղծման գործում դերակատարություն ունեցած անձանց հետ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց՝ մի վայրկյան անգամ չեն կասկածել, որ ֆիլմը հաջողելու է: Նրա խոսքով՝ ավելի քան երեսուն տարի որևէ հայկական կինոնկար չի ներկայացվել Կաննի միջազգային կինոփառատոնում, իսկ Նորայի շնորհիվ նման հնարավորություն ընձեռվեց: «Կարծում եմ՝ հայկական կինոյի համար սա մեծ հաջողություն է»,-նշեց Միրզախանյանը:

Նորա Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ ֆիլմի՝ ֆրանսիական ցուցադրությունների ընթացքում ֆրանսիական հեղինակավոր հեռուստաընկերություններից մեկն իր և կինոնկարի մասին համապարփակ նյութ է պատրաստել և նշել. «Ճանաչում Արցախին ֆիլմով, ոչ թե քաղաքականությամբ»: « «Երբ որ քամին հանդարտվի» Ֆիլմի շնորհիվ նրանք, ում կոչում էին անջատողականներ, զինվորներ կամ զոհեր, դեմք ու դիմագիծ ստացան: Անգամ օտարազգիներն են հասկանում ֆիլմի ուղերձը՝ երբ քամին հանդարտվի, Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի, և Արցախի ժողովուրդը կկարողանա հանգիստ շնչել»,-նշեց նա:

Ֆիլմի գլխավոր հերոսին՝ Ալենին մարմնավորած ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինի խոսքով՝ երբ մեկնել է Արցախ, բացահայտել է, որ երկրի վրա կա դրախտ: «Ինձ համար դա շատ հետաքրքիր ճամփորդություն էր: Չգիտեմ, թե ինչու էր անհրաժեշտ այն, բայց ինչ-որ մեկը ժամանակին գրել է՝ ճամփորդությունները պետք են, որ վերջապես հասնես ինքդ քեզ: Իսկ ըստ իս՝ երբեմն ճամփորդության ես մեկնում, որ հասնես ճամփորդին: Ինձ համար սա յուրահատուկ ճամփորդություն էր, որի շնորհիվ կարողացա բացահայտել այս երկնային դրախտը՝ Արցախը»,- շեշտեց դերասանը:

Խենթ հայի կերպարը կերտած դերասան Վարդան Պետրոսյանն ընդգծեց՝ մարդն ամենաշատը սիրում է այն, ինչ կորցնում է, և այս ֆիլմը կարծես ճիշտ ժամանակին նկարահանվեց: «Ֆիլմում այլ կերպ են ըմբռնվում կերպարները, բնապատկերները: Խենթ հայի հավաքական կերպարը, որը երբեք հրացանը վայր չի դնելու, ամեն ինչ տեսնում է հեռվից, որը հոգու խորքում գիտի, որ ամեն բան ճիշտ է, փաստորեն մարգարե դարձավ: Արցախյան բնապատկերները դարձան մեր կորցրած զավակները, ինչը սարսափելի է, ու այս կինոնկարը մեզ համար հիշողության մարգարիտ է: Եթե մարդիկ մոռանան ինչ-ինչ բաներ, կինոնկարը կհիշեցնի նրանց երազանքների մասին»,-եզրափակեց Պետրոսյանը:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է օդանավակայանների ազգությամբ ֆրանսիացի աուդիտորի՝ Ալեն անունով տղամարդու մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայիհամատեղ կինոարտադրություն է: Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films):

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար