Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ բոլոր կողմերին կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության հանգեցնող քայլերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նեդ Փրայսն ասել է, որ տեղյակ են Հայաստանի վերջին զարգացումներից և հետևում են իրավիճակին շատ մոտիկից։
«Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ որևէ բռնի գործողությունից։ Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական սկզբունքների մասին, որ զինված ուժերը չպետք է ներգրավված լինեն ներքաղաքական գործընթացների մեջ։ Շարունակում ենք սատարել Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Մենք կշարունակենք հետևել իրավիճակին շատ մոտիկից»,- ասել է նա։