Անդրանիկ Օզանյանի մասին գրքեր հեղինակած Ռուբեն Սիմոնյանը հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզային գրադարանում

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը հյուրընկալեց գրող, Անդրանիկ Օզանյանի մասին արժեքավոր գրքեր հեղինակած Ռուբեն Սիմոնյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, հանդիպումը կայացել է հեղինակի նախաձեռնությամբ ու խնդրանքով, Գրքի նվիրատվության, Մայրենի լեզվի, Հովհաննես Թումանյանի եւ Զորավար Անդրանիկի ծննդյան օրերի շրջանակներում։ Գրող Ռուբեն Սիմոնյանի հետ հանդիպմանը մասնակցեցին Գավառ քաղաքի գրասերներ, ստեղծագործողներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։ Օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը։Գրող Ռուբեն Սիմոնյանի կյանքի ու ստեղծագործության մասին տեղեկություն ներկայացրեց գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը։ Ըստ ներկայացված ընդհանուր տեղեկության՝ Ռուբեն Սիմոնյանը ծնվել է Իջեւան քաղաքում, 1938 թվականին։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատանքի անցել ռադիոհեռուստապետկոմում, հանրապետական մի շարք թերթերում։Հայաստանի անկախացումից հետո աշխատել է Տավուշի մարզպետարանում՝ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի, ապա մարզպետի խորհրդականի պաշտոններում։ Հեղինակել է հայրենագիտական ու ճանաչողական նշանակության բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, գրքեր, ուսումնասիրություններ։ Նրա ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ ունեն Զորավար Անդրանիկին նվիրված գրքերը, որոնք նորովի լույս են սփռում մեծ զորավարի ապրած կյանքի մանրամասների վրա։ Դրանք երեքն են՝ §Օտարները Անդրանիկի մասին¦, §Մասունքներ¦ , §Անդրանիկ.Սիբիրական վաշտի ոդիսականը¦։

Գրքերի բովանդակության մասին զեկուցեցին Գավառի պետական համալսարանի ուսանողներ Անահիտ Շահինյանը եւ Վահե Գոզեյանը։ Հեղինակի ստեղծագործություններից մեկը, որն ամփոփված է §Անուշ ծաղկունք Հայաստանի¦ գրքում եւ ձոնված է Գավառ քաղաքի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմում անմահացած Վարդգես Թամամավեյանին, ասմունքի միջոցով ներկայացրեց Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտուհի Արմենուհի Իսպիրյանը։ Ծրագրային երգերով ու ներկայացումով հանդես եկան Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետթատրոնի դերասանները եւ Գավառի արվեստի դպրոցի սաները։ Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Ռուբեն Սիմոնյանը՝ հատկապես կանգ առնելով Անդրանիկ Օզանյանի կյանքի կարեւորագույն դրվագների վրա։ §Անդրանիկը եղել ու մնում է հայ ժողովրդի մեծագույն հերոսներից մեկը։ Նրա կյանքի մասին բազմաթիվ ուսումնասիրություններ են հրատարակվել, սակայն դեռ մնում են բազմաթիվ չլուսաբանված էջեր։ Ես փորձել եմ այդ թաքնված էջերի մի մասը դարձնել հայ ժողովրդի սեփականությունը, այդ ուղղությամբ ջանքեր եմ գործադրել, եւ կարծում եմ, դրանք հաջողությամբ են պսակվել։ Ինչ է բովանդակում §Անդրանիկ.Սիբիրական վաշտի ոդիսականը¦ գիրքը։ 1914 թվականին Դիլմանի ճակատամարտում ռուսական բանակը ջախջախում է թուրքական զորքին։ Այդ ճակատամարտում փայլում է Անդրանիկի զորավարական տաղանդը։ Այդ նույն ճակատամարտում գերվում են թուրքական բանակի կազմում ռուսների դեմ կռվող հայազգի զինվորներ, երկու հարյուր տաս հոգի, որոնք աքսորվում են Սիբիր։1917 թվականի խառնակ ժամանակներում նրանք գալիս են Անդրկովկաս եւ զինվորագրվում Անդրանիկի գլխավորած Հայկական առանձին հարվածային զորամասին, նրա կազմում մասնակցում մի շարք ճակատամարտերի։ Արյունահեղ մարտերում նրանցից մնացել են երկուսը։Սա կարեւոր բացահայտում է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ինչպիսի նվիրական հերոս է եղել Անդրանիկը, ինչ դեր է խաղացել նա հայ ժողովրդի կյանքում, ինչպես է նրա շնորհիվ Սյունիքը փրկվել Ադրբեջանին բռնակցվելու վտանգից։Անդրանիկի գործը սրբացնելը բոլորիս պարտքն է։Այդպիսով նաեւ պաշտպան ենք կանգնելու մեր հայրենի երկրի սահմաններին ու արժեքներին¦,-ներկաներին դիմեց Ռուբեն Սիմոնյանը։

Ռուբեն Սիմոնյանը իր հեղինակած գրքերը նվիրեց Գեղարքունիքի մարզի Վարդգես Պետրոսյանի անվան գրադարանին, մի շարք գրքեր էլ ինքը նվեր ստացավ Գավառ քաղաքի ստեղծագործող հեղինակների մակագրությամբ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ