Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Համոզված եմ, որ դարավոր ավանդույթների վրա հիմնված մեր բարեկամական հարաբերությունները, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում:

Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում այսօր առավել քան երբևէ կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնց արագընթաց զարգացումը օրվա հրամայականն է»:

Նախագահ Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.«Աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը և Իրանը պետք է հետևողականորեն զարգացնեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը, որի հաջողության գրավականը մեր երկրների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն է»:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միմյանց կրոնի և մշակույթի հանդեպ փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքական երկխոսության խորացումը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում