Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների քաղցկեղով հիվանդանալու դեպքերը 2 անգամ նվազել են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 3 տարիների ընթացքում՝ քաղցկեղով առաջին անգամ ախտորոշվածների թիվը կազմում է՝ մասնավորապես 2018 թվականին՝ 8762 հիվանդ, 2019-ին՝ 7908, իսկ 2020-ի նախնական տվյալներով՝ 7050 հիվանդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կենտրոնի վիճակագրության բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը:

«Քաղցկեղային հիվանդության վիճակագրության մեջ գերակշռում է կրծքագեղձի քաղցկեղը, այնուհետև՝ թոքայինը, հաստաղիքայինը, ինչը նույնն է միջազգային վիճակագրության համեմատ: Քաղցկեղային հիվանդությունների հետևանքով 2018 թվականին մահացել են 5199 հիվանդ 2019-ին՝ 5434 հիվանդ, որը կազմում է ընդհանուր մահացությունների 20-21 տոկոսը»,-մանրամասնել է Ստեփանյանը:

Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Հայկուհի Գյոքչյանի խոսքով՝ քաղցկեղային հիվանդություններից բուժվածների թվի ուռուցքաբանական վիճակագրությունն իրականացվում է 5 տարին լրանալուց հետո:

«Բավականին նվազել է բարձիթողության ցուցանիշները: Մասնավորապես՝ թոքի քաղցկեղի դեպքում՝ եթե 2-3 տարի առաջ բարձիթողի վիճակը 53 տոկոս էր, ապա այժմ՝ այդ ցուցանիշը կազմում է 40 տոկոս: Կրծքագեղձի պարագայում ունեինք 47 տոկոս բարձիթողության վիճակ, այժմ նվազել է՝ հասնելով 22-23 տոկոսի»,- ասաց Գյոքչյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշների նվազումը պայմանավորված է իրազեկման աշխատանքներով, ըստ այդմ նաև վաղ դիմելիությամբ ու վաղ փուլում քաղցկեղի ախտորոշմամբ:

Առողջապահության նախարարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանում 1990 թվականի համեմատ՝ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդանալու դեպքերի թիվը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը` 1,5 անգամ: Հիվանդության երիտասարդացման միտում է նկատվում՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեպքում:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ քաղցկեղի հետևանքով մահվան դեպքերը զգալիորեն բարձր են տղամարդկանց շրջանում (55.2 տոկոս, 2999 դեպք, կանայք` 44.8 տոկոս, 2435):

Չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերը 2019 թվականին՝ 1990-ի (3484) համեմատությամբ, աճել են 1,5 անգամ, իսկ հիվանդացությունը` 1,6 անգամ (1990թ.` 5162, 2019թ. 8441):

Այն առավել տարածված է մեծահասակ բնակչության շրջանում. Չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 և բարձր տարիքային խմբում:

Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները: Ընդ որում, տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորակ նորագոյացությունները:

Ըստ առողջապահության նախարարության՝ քաղցկեղի տարածվածության և մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են բնակչության ռիսկային վարքագծով: «Ապացուցողական տվյալների համաձայն` քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը, ավելցուկային քաշը և այլ ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է այդ հիվանդությունների զարգացման հնարավորությունը»,-նշում են առողջապահության նախարարությունից:

Հայերեն

Անազատության մեջ գտնվող անձինք լիարժեք օգտվում են իրենց առողջապահական իրավունքներից. նախարար

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ

Հայաստանում պոլիկլինիկական օղակի մասնագետներ կան, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը. Ավանեսյան

Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային. պաշտպանության նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի

Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է 1 միլիոն 700 հազարի. Ավանեսյան

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը