Ուղղիր մեջքդ և առաջ նայիր. Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակը եղել և մնում է Հայաստանի անկախ պետականության առանցքը, արցախցիների անվտանգության երաշխավորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ, քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում: Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով և հայրենանվեր զավակ է դաստիարակել: Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ: Քո ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իմ մարտական ընկերների և զինակիցների անունից ասում եմ քեզ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց:

Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը:

Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից: Մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից, թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:

Մեր մեծ ընտանիքը՝ Հայրենիքը, մեր հերոսների արյամբ ներծծված հողն ու ջուրը, այսօր, առավել քան երբևէ, քո պաշտպանության կարիքն ունի:

Հավերժ փա´ռք քեզ, փառ՛ք քո փառապանծ ուղին կերտած մեր բոլոր հերոսներին՝ ողջ թե նահատակված»,-ասված է ՀՀ նախկին նախագահի ուղերձում:

Հայերեն العربية English Русский

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը