Մշակույթ

Հայաստան եւ Իտալիա. երկու հսկա քաղաքակրթությունները՝ մեկ էլեկտրոնային գրքում

3 րոպեի ընթերցում

Հայաստան եւ Իտալիա. երկու հսկա քաղաքակրթությունները՝ մեկ էլեկտրոնային գրքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ հազարամյա յուրօրինակ հարաբերությունները շարունակվում են նոր դրսեւորումներով: Հունվարի 4-ին Հռոմում ներկայացվել է թվային գիրք-կատալոգ՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ վերջին երկու տարիների մշակութային կապերի մասին: Նախաձեռնությունը Իտալիայում ՀՀ դեսպանությանն է: Թվային կատալոգի ստեղծմանն աջակցել են նաեւ «Դանթե Ալիգիերի» ընկերակցության երեւանյան կոմիտեն եւ իտալական Բարի քաղաքում գործող «Հրանտ Նազարյանց» կրթական կենտրոնը:

«Ապագա-անցյալ» անվանումով թվային գիրքն ունի 400 գունավոր էջ, երկլեզու՝ հայերեն եւ իտալերեն նկարազարդումներն ու տեքստերն այն իրադարձությունների մասին են, որոնք տեղի են ունեցել երկու երկրներում: Կատալոգում բավական մեծ տեղ է հատկացված Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի՝ 2018 թվականին Հայաստան կատարած պետական այցին: Իտալիայի Հանրաապետության նախագահի առաջին այցը համընկել էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի իրադարձություններին:

Գիրք-կատալոգի հենց առաջին էջերից առանձնանում են հայերի եւ իտալացիների միջեւ խոր եւ ակնհայտ փոխհարաբերությունները: «Խիտ, բեղմնավոր անցյալը՝ ճանապարհորդությունների անջնջելի հետքերով, միավորել են երկու ժողովուրդներին հին ժամանակներից. պատմություն, որը սկսվում է հենց Հռոմի կենտրոնում գտնվող Մարկոս Ավրելիոսի սյունից: Մեզ՝ իտալացիներիս ու հայերիս, միավորող երեւույթների ցանկը երկար է: Լիգուրիայից մինչեւ Սիցիլիա, Վենետիկից, Ֆրիուլիից մինչեւ Ապուլիա, հայերը թողել են յուրահատուկ հետքեր»-, նկատում է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Դեսպանը հավելում է, որ հայերի ու իտալացիների հարաբերություններն անցյալում չեն մնացել: Իտալիայում հայկական ներկայությունը նորանոր էջեր է բացում, որը հանդուրժողականության, ինտեգրման, համառության եւ աշխատասիրության օրինակ է: «Այն նպաստում է մեր ժողովրդի քաղաքացիական եւ սոցիալական առաջընթացին: Զուգահեռաբար, իտալական ներկայությունը դրոշմված է Հայաստանում, ինչը խանդով ու խնամքով պահպանվում է եւ արժեվորվում Երեւանի թանգարաններում, ինչը ներկայացվում է արվեստի մեջ, ներծծված՝ գիտությամբ, եւ այսօր, ինչպես երբեք, պահպանվում է յուրաքանչյուր հայի սրտում»,- եզրափակում է դեսպան Մոնակոն:

Թալալ Խրայիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում